Հաջորդ սպանության թերապիան

Թերթերից մեկը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հրազդանի քաղաքապետի որդուն, որը մեղադրվում է այս տարվա հուլիսի 8-ին Հրազդանում 58-ամյա մարդուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ: 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը պատասխան չի տվել արածի համար՝ հայրը կարկառուն ՀՀԿ-ական է:

Իսկ արտառոց բա՞ն է տեղի ունեցել այդ պարգևատրումով: Եթե մենք էլ կարող ենք մարդ սպանել առանց պատժվելու, իհարկե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Եթե Անդրանիկ Մարգարյանը մեծություն է նույնքան, որքան Հովհաննես Թումանյանը, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Եթե վրաերթն ինքնապաշտպանություն է, ուրեմն արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Եթե 100 հոգու մահվան գնով կորցրած 800 հեկտարը անպետք հողատարածք է, միայն պետք է զարմանալ, թե ինչու Հրազդանի քաղաքապետի որդին «Ազգային հերոսի» կոչման չի արժանացել 2016-17 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար: Ի վերջո այս պարգևը կարող է լինել սպանությունից հետո ուժերի վերականգնման թերապիա:

Սերժ Սարգսյանը կարծես թե իր քայլերով ցույց է տալիս, թե ինչ երկաթյա ժողովուրդ ենք մենք սեփական նվաստացումների մեջ: Նախագահի պաշտոնում այդ մարդն ուղղակի թիրախային է հարվածում պետական արժանապատվությանը, սկսած մարտի 1-ից, մինչև «ինչքան ուզեմ, այնքան կխփեմ», կամ մի գիշերում ԵՏՄ անդամ դառնալուց մինչև Ծառուկյանին քաղաքականությունից դուրս հայտարարելը: Մարդը բառի բուն իմաստով ծիծաղում է մեզ վրա, իր Հայաստանում գտնվելու առաջին օրվանից ի վեր այդ մարդը հեգնանք է Հայաստանի հանդեպ, հատկապես սեպտեմբերին Հայաստանի քաղաքացուն ծաղրելն ուղղակի արտիստիկ է ստացվում այդ մարդու մոտ:

Ինքը չգիտի՞ ում է պարգևատրում: Իհարկե գիտի: Ո՞վ չգիտի, որ այդ մարդը ներքաշված է քրեական ռազբորկաների մեջ: Բայց դա էլ արտառոց չէ: Ընդհանրապես, արտառոց ոչինչ Հայաստանում տեղի չի ունեցել այս մարդու ղեկավարման ընթացքում, որովհետև միակ արտառոցը մենք ենք, քանի դեռ կանք: Հրազդանի քաղաքապետի որդին մեզ նման արտառոցներին ճանապարհներից մաքրելու համար է:

Ես չեմ բացառում, որ նա հրաշալի առաջադիմությամբ տղա է: Բայց ես չեմ հավատում Լևոն Մկրտչյանի կամ Սերժ Սարգսյանի գնահատման չափանիշներին: Հավատալ, կնշանակի, որ մեր ուսուցիչները որևէ ընտրակեղծիքի մեջ չկան և ուշքն ու միտքները մարդասպաններից Էյնշտեյն ստանալն է. ես կարծում եմ, որ այդ պարգևատրումն ուղղված է հենց կրթական խայտառակ որակը թաքցնելուն, այդ պարգևատրումը քաջալերում է դպրոցն այլասերող ուսուցիչներին: Դանիել Իոաննիսյանը դրանից պետք է եզրակացություն անի և հանգիստ թողնի դպրոցների տնօրեններին, նրանք հայրենանվեր գործ են անում դպրոցները ՀՀԿ-ի վերարտադրմանը ծառայեցնելով։

Սերժ Սարգսյանը պարգևատրել է՝ իմանալով, որ դա աղմուկ կհանի: Իսկ աղմուկն ի վերջո ինչի՞ մասին է լինելու՝ ՀՀԿ-ի դեմ խաղ չկա, նախագահն արդեն մարդասպաններին է պարգևատրում: Երեխային մարդասպան ասելը մի քիչ այլ թեմա է, բայց նա անչափահաս է: Երբ քաղաքապետը հաջողացնում է նրանց խցկել պարգևատրվածների շարքում, երեխան ոչ թե մտածում է, որ սպանելուց հետո կյանքը շարունակվում է, այլ, ի վերջո՝ այդ վրաերթն էլ անչափահաս տղային դարձրեց «հասարակական» կերպար: Մինչ այդ սպանությունը ինքը պարզապես Հրազդանի քաղաքապետի որդին էր, որին կարելի էր ամեն ինչ: Հիմա նրան կարելի է ամեն ինչ, ներառյալ առաջադեմի ոսկե մեդալը:

Մեկնաբանել