Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքը առնչություն չունեն Մեծ Բրիտանիայում մոտ երեք մլրդ դոլարի գումարի լվացման հետ․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) հարթակը, որը ներառում է 40 շահույթ չհետապնդող հետաքննող կազմակերպությունների, հոդված էր հրապարակել Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին։ Հոդվածին տրվել է ծաղրական՝ Ադրբեջանական լվացքատուն (The Azerbaijani Laundromat) վերնագիրը։
«Ոչ Ադրբեջանի նախագահը, ոչ նրա ընտանիքի անդամենրը կապ չունեն նշյալ մեղադրանքների հետ։ Այդ հարցերում նախագահին և նրա ընտանիքին ներգրավելու փորձերը անհիմն են, կողմնակալ և կրում են սադրիչ բնույթ։ Օտարերկրյա լրատվամիջոցներում այդ թեմայով հոդվածների հետևում կանգնած է Ջորջ Սորոսը [ամերիկացի ֆինանսիստ, ներդրող, «Սորոսի հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունների ցանցի ստեղծող – ՍիվիլՆեթ]»,- ասված է հայտարարությունում։ Ադրբեջանի նախագահականի պնդմամբ՝ Սորոսին այդ փորձերում «աջակցում է հայկական լոբբին», որը «կեղտոտ արշավ է տանում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի դեմ»։
OCCRP-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարվա ընթացքում գաղտնի ֆոնդից 2,8 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և շքեղ գնումներ կատարելու համար:
Ենթադրվում է, որ գումարը ուղղորդվել է Մեծ Բրիտանիայի չորս ոչ-թափանցիկ ընկերությունների միջոցով: Վճարվել են եվրոպացի քաղաքական գործիչներ, ովքեր բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Ադրբեջանի կառավարության նկատմամբ:
Հետաքննությունը նշում է, որ պարտադիր չէ, որ բոլոր ստացողները տեղյակ լինեին գումարի սկզբնաղբյուրի մասին։
Գաղտնի ֆոնդը գործել է երկու տարի՝ ընդհուպ մինչև 2014 թվականը։
Սկանդալային հետաքննության հրապարակումից հետո Ադրբեջանի տարածքում OCCRP-ի կայքն արգելափակվել է։
Ավելին՝ Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում։
Լուսանկարում՝ Ջորջ Սորոս և Իլհամ Ալիև