Մոլդովայի նախագահն արգելել է երկրի զինծառայողներին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն արգելել է ազգային բանակի զինծառայողներին մասնակցել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի Rapid Triden զորավարժություններին։ Այդ մասին նա գրառում է արել Թվիթերում։

«Արգելում եմ Մոլդովայի Հանրապետության զինվորականներին մասնակցել օտարերկրյա զորավարժությունների»,- գրել է Դոդոնը։

Ավելի վաղ՝ փետրվարին, Դոդոնն արգելել էր մոլդովացի զինվորականներին մասնակցել Ռումինիայում անցկացված՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

Մոլդովայի նախագահը Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից է, մինչդեռ երկրի կառավարությունը եվրոպամետ է։

ՆԱՏՕ-ի Rapid Trident-2017 զորավարժություններն անց են կացվելու սեպտեմբերի 8-23-ը Լվովում՝ ՆԱՏՕ-ի 14 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

2014թ․ հունիսին Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է Ասոցոցման և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Իր քարոզարշավի ժամանակ ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մտադրության մասին և նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո ակնհայտորեն շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան։

2016թ․ դեկտեմբերի 23-ին ընտրվելուց ի վեր Դոդոնը մի քանի ոչ պաշտոնական այց է կատարել Մոսկվա և հանդիպումներ անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա խոսել է ԵՄ-ի հետ համաձայնագրի չեղարկման մտադրության մասին՝ ասելով, որ դրա արդյունքում Մոլդովան կորցրել է դիրքերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության շուկաներում։

2016թ․ նոյեմբերի վերջին Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ստորագրել են Քիշնևում ՆԱՏՕ-ի բյուրոյի բացման մասին համաձայնագիր։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նախքան Դոդոնի երդմնակալության արարողությունը։

Վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ Մոլդովայի նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը կոչ է արել չբացել այդ Բյուրոն, քանի որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ակտիվացումը, ըստ նրա, կբարդացնի մերձդնեստրյան հիմնախնդրի կարգավորումը։ Դոդոնը Բյուրոյի բացումն անվանել է «սադրանք և Մոլդովայի չեզոքության դեմ ոտնձգություն»։

Մեկնաբանել