Ռուսաստանը սննդամթերք մատակարարող գերտերության հեռանկար ունի

Կլիմայի փոփոխությունը դրական է Ռուսաստանի համար, որը ավելի մեծ տարածքներ է կարողանում օգտագործել գյուղատնտեսական նպատակներով․ Bloomberg View-ում հրապարակած հոդվածում Slon.ru վերլուծական կայքի հիմնադիր Լեոնիդ Բերշիդսկին գրում է, որ էներգակիրներից բացի՝ Ռուսաստանը աշխարհում կարող է դիրքավորվել որպես հացահատիկ արտահանող գերտերություն։

«Ռուսաստանը հաճախ համարվում է երկիր, որը, բացի էներգակիրներից, չի արտադրում աշխարհին հետաքրքրող որևէ այլ բան։ Նավթի արտահանումից կախվածությունը նման է գործի դրված մեծ ռումբի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքում և Չինաստանում մեծ ուշադրություն են սկսել դարձնել ածխաջրածնային վառելիքի օգտագործումը նվազեցնելուն։ Այնուամենայնիվ, ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանը կարծես թե օգուտ է քաղում կլիմայի փոփոխությունից, որին նպաստում են իր իսկ էներգետիկ ռեսուրսները։ Որպես ցորեն արտահանող խոշորագույն պետություն և հացահատիկային գերտերություն՝ Ռուսաստանի հեռանկարը պայծառ է, և դրան նպաստող գործոններից մեկն էլ գլոբալ տաքացումն է»,- գրում է Բերշիդսկին:

Վերջին առևտրային տարվա ընթացքում՝ 2016թ. հուլիսից մինչև 2017թ․ հունիս, Ռուսաստանը արտահանել է 27.8 մլն տոննա ցորեն, ինչն ավելի շատ է, քան Եվրամիության թվերը: Նա նաև եգիպտացորենի, գարու և վարսակի առաջատար մատակարար է: Ուկրաինայի և Ղազախստանի հետ միասին, այն կազմում է համաշխարհային հացահատիկային շուկաները ձևավորող ուժի մի մասը։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը բազմիցս ասել է, որ հացահատիկն ի վերջո դուրս կմղի նավթին՝ որպես արտահանումից ստացված եկամուտների խոշորագույն աղբյուր: Սա Կրեմլի երազանքը չէ, որը կնախընտրեր տեխնոլոգիական բում ունենալ: Սակայն Տկաչևի մարգարեությունը կարող է ավելի իրատեսական լինել մի շարք պատճառներով:

Պատճառներից առաջին երկուսը դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցության ոլորտից` երկրագնդի բնակչության աճը և կլիմայի փոփոխությունը: 1980-ականների վերջի համեմատ Եվրասիայի հացահատիկային գոտիներում ջերմաստիճանը 2020թ. Կաճի 1․8 աստիճանով և 2050թ.` 3․9 աստիճանով: Նա նաև նշում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են հյուսիսում նոր հողերը զարգացնելու հեռանկարները և հողերի շուկայի ազատականացումը, ինչը թույլ կտա ստեղծել նոր տեխնոլոգիաներ օգտագործող խոշոր ագրոկազմակերպություններ:

Իհարկե, գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա կենտրոնանալը միևնույնն է՝ նշանակում է կախվածություն հումքից և համաշխարհային միտումներից։ Բերշիդսկին մատնանշում է գյուղատնտեսությանը պետական աջակցության անհրաժեշտությունը և Ռուսաստանի արտահանման ենթակառուցվածքների ունեցած խնդիրները:

«Այնուամենայնիվ, այդ աջակցությունը ապարդյուն չի լինի, եթե Ռուսաստանին հաջողվի զարգացնել բարձր եկամտաբեր գյուղատնտեսական արտադրանքը` միս, կաթ և բանջարեղեն, որոնք երկիրը դեռ ներկրում է: Ռուսաստանի կառավարությունը փորձում է խթանել այդ զարգացումը՝ արևմտյան արտադրանքի վրա էմբարգո դնելով, սակայն մինչ օրս ռուսական արտադրողները չունեն բավականաչափ պրոֆեսիոնալիզմ և ռեսուրսներ՝ իրական բեկման համար»,- եզրափակում է հեղինակը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել