Սիրիան Հայաստանում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:

ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ըստ նախագահականի հաղորդագրության՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին:

«Պատմության տարբեր ժամանակահատվածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձություններ, և ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:

Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետևել իրադարձություններին և հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում «բարեկամ Հայաստանի դիրքորոշումը» և աջակցությունը երկրում խաղաղության ու կայունության հաստատման գործում», դրվատանքով խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի «անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում»:

Մեկնաբանել