Ինը տարվա ազատազրկում վրացի քահանային․ նա մահափորձ էր ծրագրում

Սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել բարձրաստիճան հոգևորականի՝ պատրիարքի անձնական քարտուղարի դեմ մահափորձ կատարելու համար: Գործը ցնցել է վրացական հասարակությունը և ի ցույց դրել երկրի ամենազորավոր կառույցներից մեկի ներսում պառակտվածությունը, հաղորդում է Democracy and Freedom Watch կայքը։

Ավագ երեց Գիորգի Մամալաձեն, որը ժամանակին մոտ էր Վրաց եկեղեցու ղեկավարի հետ, մեղավոր է ճանաչվել պատրիարքի անձնական քարտուղարի դեմ մահափորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի հրազեն ունենալու համար:

Ավագ երեցը իրեն մեղավոր չի ճանաչել և չի մասնակցել վերջնական դատական լսումներին։ Ավելի վաղ նա մերժել էր երդվյալ ատենակալների դատավարությունը:

Վրացական ԶԼՄ-ներն այս դեպքը որակել են «ցիանիդային գործ», քանի որ քահանան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվեր էր՝ պայուսակում ցիանիդ: Նա պատրաստվում էր մեկնել Բեռլին` հանդիպելու Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդի հետ, որն այնտեղ բուժում էր անցնում։

Հետագայում դատախազությունը հրապարակել է մի քանի տեսանյութ՝ նկարահանված քահանայի ընկերոջ կողմից, որը և իրավապահներին հայտնել էր ծրագրվելիք սպանության մասին։ Սկզբում շրջանառվող լուրերը որպես թիրախ մատնացույց էին անում անձամբ պատրիարք Իլյա Երկրորդին, բայց հետագայում դատախազությունը նրան մեղադրեց պատրիարքի անձնական քարտուղար Շորենա Տետրուաշվիլիի նկատմամբ մահափորձի մեջ, որը մեծ ազդեցություն ունի հոգևորականների շրջանում։

Դատախազները պնդում են, որ Մամալադզեն Տետրուաշվիլիին դիտարկում էր որպես խոչընդոտ իր մասնագիտական առաջընթացի ճանապարհին:

Մեկնաբանել