Ինչպես է Ադրբեջանը հետ ստացել Ռամիլ Սաֆարովին․ լրագրողական հետաքննության բացահայտումները

Հունգարական Atlatszo.hu հետաքննական լրատվամիջոցը, «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCRP) և այլ ԶԼՄ-ների հետ համատեղ զեկույց էին հրապարակել Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կողմից մոտ 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին՝ «Ադրբեջանական լվացքատուն» վերնագրով։ Հունգարացի լրագրողները պարզել են, որ Ադրբեջանը 7 միլիոն դոլարի նվիրատվություններ է արել Հունգարիայում, որպեսզի արտահանձնվի Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Նա ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Eurasianet.org-ում կայում թեմային անդրադարձել է Բրեդլի Ջարդինը։

Նոր զեկույցը բացահայտել է Ադրբեջանից 7 մլն դոլարի փոխանցում հունգարական բանկային մի հաշվեհամարի, որը ժամանակային առումով կասկածելիորեն մոտ է կացնային մարդասպանին Բուդապեշտից Բաքու արտահանձնելու ամսաթվին, որտեղ նա հերոսի պես ընդունվեց և ներման արժանացավ:

Այդ միջոցներից մի մասը՝ ավելի քան 7 միլիոն դոլար, հայտնվել է Բուդապեշտում գտնվող MKB Bank- ի հաշվեհամարներից մեկում հենց այն ժամանակ, երբ Հունգարիայի կառավարությունը դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնեց:

Atlatszo.hu-ի տվյալներով, հունգարական բանկային հաշիվը պատկանում էր օֆշորային Velasco International Inc. ընկերությանը, որը պատկանում է Բաքվի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի որդուն:

Զեկույցում նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2012թ․ հունիսին (Սաֆարովի ազատ արձակվելուց անմիջապես առաջ) այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ նրան դիմավորել էին Ադրբեջանի վարչապետի այն ժամանակվա առաջին տեղակալ Յաքուբ Էյուբովը՝ օֆշորային ընկերության սեփականատեր Օրխհեմ Էյուբովի հայրը:

Ութ տարի առաջ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին: Երկուսն էլ Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի կազմակերպած լեզվական ծրագրին:

Սաֆարովը, գիշերը մտնելով քնած Մարգարյանի սենյակ, կացնահարել էր նրան, ապա դանակահարել մի քանի անգամ։ Սաֆարովը կալանավորվել էր, 2006թ. Հունգարիայի դատարանը նրան դատապարտել էր ցմահ բանտարկության։

Բաքվում ունեցած հանդիպումից անմիջապես հետո Օրբանի կառավարությունը թույլ տվեց Սաֆարովին հանձնել Ադրբեջանին, որին հաջորդեց միջազգային լայն արձագանքը: Արդյունքում Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ազատ արձակվումից հետո Սաֆարովին Բաքվում դիմավորեց ողջունող ամբոխը։ Նա վարդերի փունջը ձեռքին քայլում էր Բաքվի փողոցներով՝ ուսերին ադրբեջանական դրոշը։ Հետագայում նրան շնորհվեց ներում, մայորի կոչում և տրվեց շքեղ բնակարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից:

Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն հույս է հայտնել, որ «միջազգային և ազգային հարցումները կբացահայտեն, թե ինչ է կատարվել»՝ հավելելով, որ տեղեկատվության պակասը կարող է հանգեցնել զրպարտչական հայտարարությունների, որոնք կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։

«Ես կտրականապես հերքում եմ ցանկացած ելույթ կամ զրպարտություն, որը կապում է Հունգարիայի արտաքին քաղաքական որոշումները վերը նշված քրեական գործողությունների հետ։ Ես իսկապես հուսով եմ, որ մենք շուտով կարող ենք բացահայտել տեղի ունեցածը»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը:

Թարգմանությունը՝ Զարուհի Պողոսյանի

Լուսանկարում՝ Ռամիլ Սաֆարովը

Մեկնաբանել