Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին (լրացված)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևի հրամանագրում մասնավորապես ասված է․ «առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109 հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ․

Պատժի կրումից ազատել Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին (1976թ․ ծ․), որը դատապարտվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2017թ․ հուլիսի 20-ին»։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 20-ին Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի դատապարտել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Դատախազն ավելի վաղ պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում։

Մեղադրական ակտից հանվել է 281.2-րդ հոդվածը (պետության դեմ ուղղված կոչեր)։ Դատարանում նշել են, որ քննչական միջոցառումների ընթացքում տվյալ մեղադրանքը չի հաստատվել։ Արդյունքում Լապշինը դատապարտվել է 318.2-րդ հոդվածով՝ (պետական սահմանի ապօրինի հատում)։

Ալեքսանդր Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Բաքու կատարած իր այցելությունների մասին բլոգում քննադատական կարծիքներ է հայտնել Ադրբեջանի մասին։

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված էին քրեական գործեր։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանավը հայտարարել է, որ շուտով Լապշինը կարտահանձնվի Իսրայել։

Նա տեղեկացրել է, որ Լապշինի ազատ արձակոմն ու նրա փոխանցումը Իսրայել վաղուց է քննարկվել երկու երկրների միջև։

«Այդ կապակցությամբ համաձայնություն է կայացվել, որի համաձայն՝ նախագահի՝ ներում շնորհելու հրամանագրից հետո Ադրբեջանի կառավարությունը Լապշինին փոխանցում է իսրայելական կողմին, իսկ հետագա պարտավորությունները նա կատարելու է Իսրայելի օրենսդրության համապատասխան։ Սակայն, ցավոք, Իսրայելի պաշտոնատար անձինք ձգձգեցին արտահանձնման գործընթացը, որի արդյունքում երեկ տեղի է ունեցել տհաճ միջադեպ․ Լապշինը ինքնասպանության փորձ է արել։ Հսկիչների զգոնության ու օպերատիվության շնորհիվ, սակայն, փորձը կանխվել է։ Նրան անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներկայում Լապշինը շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության տակ»,- ասել է Հասանովը։

Ուշագրավ է, որ իսրայելցի բլոգերին ներման շնորհումը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել այցի օրը։ Հաղորդվում է, որ նա հանդիպում է ունենալու Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել