Թուրքիայի դպրոցական դասագրքերը սկսում են մոռանալ Աթաթուրքին, գովերգել Էրդողանին

Թուրքական ընդդիմադիր մամուլը շարունակում է ուշադրության տակ պահել Թուրքիայի նոր ուսումնական տարվա դասագրքերն ու պեղել հետաքրքիր նյութեր։ «Ջումհուրիյեթն» անդրադարձել է «Մուհամեդ մարգարեի կյանքը» դասագրքին, որում կան ընտանեկան դաստիարակության մասին նյութեր։ Թերթը նկատում է, որ կրթության նախարարության պատրաստած դասագրքերում խոսք չկա անչափահասների ամուսնության ու բազմակնության դատապարտման մասին, ավելին՝ դասագիրքը անընդունելի է համարում ամուսնությունը աթեիստների, կռապաշտների ու հավատուրացների հետ։

Դասագրքում նշվում է, որ առանց ամուսանանալու սեռական հարաբերությունն անընդունելի է կրոնական տեսանկյունից։ Այն ընդգծում է աղջկա նախամուսնական կուսության կարևորությունը։ «Չպետք է մոռանալ՝ մաքուր աղջիկը մաքուր տղայի, մաքուր տղան էլ մաքուր աղջկա է արժանի,- նշված է դասագրքում։- Տան տղամարդն առաջնահերթ պատասխանատուն է ընտանիքի համար, իսկ կինը պետք է խստապահնջորեն հետևի տղամարդու պահանջներին, խնամի երեխաներին ու տունը»։

Դասագիրքը քարոզում է նաև կնոջ հնազանդությունը տղամարդու առջև՝ դա մեկնաբանելով իսլամի դիրքերից։ Հիշեցվում է, որ ամուսնությունը անցողիկ հաճույք չէ, իսկ՝ չամուսնացած՝ ազաբ լինելը, սուլթանություն չէ։

Դասագրքում խտացված են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի մասին պատկերացումները։

Աշխարհիկները բողոքելու ևս մեկ առիթ ունեն։ 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման տապալումից հետո Թուրքիայում թողարկվել են 1 լիրայանոց դրամներ, որոնց վրա այլևս չկա Մուստաֆա Քեմալի նկարը, փոխարենը ռազմական հեղաշրջման զոհերի հիշատակը հավերժացնող խորհդանիշն է։

Քեմալական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Թյումը հարց է ուղել մեջլիսին, թե տարվա երկրոդ կեսին ինչքան մեկ լիրայանոց է տպվելու, որոնց վրա չի լինելու Աթաթուրքի պատկերը։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ կառավարության իրական նպատակը ոչ թե զոհերի հիշատակին տուրք մատուցելն է, այլ Հանրապետական Թուրքիայի, աշխարհիկ Թուրքիայի արժեքները հանրային գիտակցությունից ջնջելը։ Նա հայտարարել է, որ իշխող կուսակցության՝ «նոր պետություն ստեղծելու մասին» հայտարարությանը հետևել են Աթաթուրքի արձանի վրա հարձակումները, կրթական համակարգից Աթաթուրքի մասին նյութերի կրճատումն ու փոխարենը ջիհադի ուսուցանումը։

Գոռ Երանյան

Մեկնաբանել