Պորոշենկոյի համար «միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը», նա «պետք է պատժվի»

Ուկրաինա-լեհական սահմանին՝ Շեգինի անցակետում, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպը չի պահանջում որևէ քաղաքական մեկնաբանություն․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

«Իմ կարծիքով՝ այդ միջադեպը բացարձակապես քաղաքական մեկնաբանությունների կարիք չունի։ Մենք այն պետք է մեկնաբանենք և մեկնաբանելու ենք բացառապես իրավական դաշտում։ Ինձ համար միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը․ դա պետք է պատժվի ուկրաինական օրենսդրությամբ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Սեպտեմբերի 10-ի երեկոյան Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է քաղաքացիությունից, հարյուրավոր կողմնակիցներով շրջապատված` հատել է Ուկրաինայի սահմանը։ Սաակաշվիլիի կողմից սահմանի հատման փաստի առթիվ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել։

2016թ․ նոյեմբերի 7-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին՝ մեղադրելով Պետրո Պորոշենկոյին և նրա շրջապատին կոռուպցիայի մեջ։ Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում ստեղծել նոր քաղաքական ուժ և պայքարել կոռուպցիայի դեմ։

Այս տարվա հուլիսին Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից։

Միջադեպի մասին ավելին՝ Ինչպես Սաակաշվիլին հատեց ուկրաինական սահմանը։

Մեկնաբանել