Իսրայելի ՊՆ-ն առանձնացնում է «երեք գլխավոր խնդիր»՝ «Իրան, Իրան և նորից Իրան»

Իսրայելի պաշտպանության նախարարի առաջ ծառացած ամենագլխավոր խնդիրների մասին խոսելիս ես կնշեի երեքը՝ Իրան, Իրան և նորից Իրան․ newsru.co.il իսրայելական ռուսալեզու կայքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը։

«Խնդիրների ամբողջ համալիրում դժվար է առանձնացնել մեկ խնդիր, սակայն եթե առանձնացնելու լինեմ, կնշեմ երեքը՝ Իրան, Իրան և նորից Իրան։ Անհրաժեշտ է հասկանալ, որ սիրիական վարչակարգը չէր վերապրի առանց Իրանի, Հեզբոլլահը չի կարող գոյատևել առանց Իրանի, Համասն ու «Իսլամական ջիհադը» չեն կարող գոյատևել առանց Իրանի»,- ասել է Լիբերմանը՝ հավելելով, որ «անգամ հյուսիսկորեական միջուկային ծրագիրը չէր կարող լինել այսօրվա մակարդակի վրա առանց Թեհրանից շոշափելի օգնության»։ Նրա խոսքով՝ Իրանը «գլխավոր խնդիրն է», և, դատելով նրանից, թե որքան ուշադրություն է դարձվում դրան Սպիտակ տանը, «այնտեղ դա լավ են հասկանում»։

Լիբերմանի այս հայտարարության համատեքստում ուշագրավ է պաշտոնական Թեհրանի՝ ի դեմս ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Քասեմիի արած հայտարարությունը, որը հասցեագրված է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին․ «Իրանատյացությունը ծեծված, հնացած զենք է, որն օգտագործվում է որոշ տարածաշրջանային պետությունների և ԱՄՆ-ի կողմից՝ Իրանին ճնշելու և սեփական շահերն առաջ տանելու համար»։

Իրանի ազդեցությունը տարածաշրջանում հստակ է, մշակույթն ու քաղաքակրթությունը չեն կարող պարփակվել աշխարհագրական սահմաններում։

Մեկնաբանել