Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայում ականազերծման գործողություններին

Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ դրա կազմում ականազերծող ստորաբաժանում ուղարկելով: «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ի պատասխանում ասված է, որ «դեռ 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ»: Գերատեսչությունը հստակեցնում է, որ աշխատանքային քննարկումներում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները «Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ»։

Օգոստոսի վերջին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաներից Ալեքսանդր Նովիկովը «Բանակ 2017» ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Սիրիայում ականազերծման գործընթացին պատրաստ են մասնակցել Հայաստանն ու Սերբիան։

Հունիսի 28-ին տված մամուլի ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է, որ «բացի Սիրիա ուղարկվող հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրի իրականացման հարց այս պահին չի քննարկվում»։

«Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել անվտանգության խորհրդի նիստում,- ասել է Սարգսյանը՝ շարունակելով։ – Առհասարակ հնարավոր է այդպիսի քննարկում, թե ոչ՝ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու՝ իմ հանրային հարցազրույցներից մեկում ասելով, որ չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Կարդացեք նաև՝ Սիրիայում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման հարցում Մոսկվան «կարող է ճնշել գործընկերներին, սակայն չի անի դա»։