750 առաջադրում՝ 2018թ. «Ավրորա» մրցանակին

2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ:

Ինչպես ասված է «Ավրորա»-ի հաղորդագրության մեջ, առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից  սեպտեմբերի 8-ը)  հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատ, երբ առաջադրվել էր 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:

2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները և կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն: Ընտրված թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացվի Ընտրող հանձնաժողովին, որը գլխավորում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Համաշխարհային հրատապ հումանիտար ճգնաժամերի ժամանակաշրջանում կարևոր է, որ մենք հնարավորություն ունենք ճանաչելու և շնորհակալություն հայտնելու այն անհատներին, որոնք բարի գործեր են անում՝ հենց բարիք գործելու մտադրությամբ: «Ավրորայի» ամեն տարվա հավակնորդները ոգեշնչել են մեզ իրենց աշխատանքով և իրենց խոսքով: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամբողջ աշխարհից նոր հերոսների պատմություններին ծանոթանալուն»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լորդ Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: 

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով Սուդանի Նուբայի լեռների տարածաշրջանի միակ մշտապես գործող վիրաբույժը: Այդ տարածաշրջանում պատերազմական գործողությունները շարունակվում են, իսկ մարդասիրական օգնության մուտքը սահմանափակ է: 2016թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել  է Մարգարիտ Բարանկիցեին։