ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ Հայաստանում ոչ թե ռազմարդյունաբերական համալիր են ստեղծում, այլ դրա մասին հարցազրույցներ տվող գրասենյակ։ Այսօր ԱԺ-ում կառավարությանը հարց ուղղելով՝ նա ասաց․ «Վարչապետի մակարդակով հնչեցվել է գնահատական «խոդ չընկնող տանկերի վերաբերյալ»։ Մենք այսօր կանգնած ենք մի վիճակի վրա, որ Ադրբեջանը անօդաչու սարքեր է արտադրում, իսկ մենք, վստահ չեմ, որ արտադրում ենք փամփուշտներ»,- նշեց նա։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մոտենալով ամբիոնին, պատգամավորին հրավիրեց նախարարություն, ամեն ինչ ցույց տալու և ամենը մանրամասն ներկայացնելու համար։
«Ես Ձեզ հրավիրում եմ հարմար ժամանակ շատ մանրամասն զրույցի, վստահեցնում եմ Ձեզ, որ Դուք հաճելիորեն զարմացած կլինեք։ Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, ապա նման սարքեր մենք էլ ունենք, որ ինքներս ենք արտադրում։ Կարծում եմ, որ այդ սարքերը շարունակելու են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- եզրափակեց նա։