Բա ինչո՞ւ տերտեր չեք, տղերք

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «միակ ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է»: Այդպես է նա հակադարձել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն դիտարկմանը, որ տնտեսություն չունեցող երկրի համար չափազանց աշխույժ է եկեղեցաշինությունը Հայաստանում:

Լավ, մեր ո՞ր մեղքի համար: Երբվանի՞ց է եկեղեցին ներդրում: Ոնց որ ասեն՝ ամենաճիշտ ներդրումը արդար ընտրություններ կազմակերպելն է: Բա ինչու՞ եք կեղծում, տղերք: Եթե եկեղեցին ամենաճիշտ ներդրումն է, բա ինչու՞ տերտեր չեք:

Եկեղեցի ունենալու ձեր տարիքն անցել է, հիմա դուք պիտի եկեղեցի լինեիք մյուսների համար: Ձեր անբարոյականությունն արդեն օզոն է ճեղքում, ձեր անբարոյականությունից օդն է չորացել: Ձեր անբարոյականությունն արդեն դասավանդվում է դպրոցներում մեր սիրասուն մայրերի,- որոնք նաև ուսուցիչներ են,- դեմքով: Դուք հասկանու՞մ եք, այդ մայրերը Ծերեթելի փողոցի սպասավորներ չեն դարձել, նրանք ընտրել են ուսուցչությունը: Եվ հիմա ինչո՞վ են զբաղված: Ծերեթելիականները գոնե իրենց չեն կեղծում: Իսկ մեր ուսուցիչները արդեն կեղծված են: Չի ստացվու՞մ, որ ծերեթելիականի մեջ հաստատ մի քիչ եկեղեցի կա, եթե չասենք՝ Քրիստոս: Հայաստանը եկեղեցիների առատությունից արդեն շնչահեղձ է լինում, ինչպե՞ս է, որ մարդն առավոտյան աչքերը բացում է, կապում է փողկապն ու գնում անդամագրվում է ՀՀԿ-ին: Ավելի ճիշտ չէ՞, որ ամեն անդամակցության հետ մի եկեղեցի պակասի: Մինչև տեսնենք ինչ է լինում:

Եկեղեցին ոչինչ է, եթե դուք ինչ-որ բան չեք, եկեղեցին սկսվում է ձեզանից, ոչ թե դուք՝ նրանից: Եկեղեցին խաղալիք է, քանի դեռ Աստծո ընկալումը չունեք, հենց ունեցաք, ուղղակի օրը ցերեկով անբարոյականներ չեք լինի, և դեռ լրատվամիջոցներով էլ չեք ծածանի անբարոյականության «50 կրքոտ դիրքերը»: Աստծո ընկալումով կզբաղվեք ավելի կարևոր գործով՝ տնտեսություն կզարգացնեք, հանքերն ավելի խնամքով կշահագործեք: Որովհետև չես կարող հանքարդյունաբերությամբ Հայաստանի մի մատ բնության հերն անիծելուն զուգահեռ եկեղեցիներ կառուցել:

Եկեղեցին թթվածի՞ն է: Ավելի լավ չի՞ լինի պարզապես սիրեք այս երկիրը, թողնեք, որ ինքն իրենով շնչի: Հավատացեք, այն առանց եկեղեցու էլ կսիրվի, հենց Աստված ունեցաք: Իսկ դուք ի՞նչ եք արել՝ պարզապես տգեղացրել եք Հայաստանը, ընդ որում՝ գեղեցիկ Հայաստանը, գեշացրել եք հայելի չունեցող գեղջկուհու ինքնավստահությամբ:

Եկեղեցին իրականում կապ չունի, եղածը ՀՀԿ-ին առընթեր Հայ Առաքելական եկեղեցի է: Եվ Շարմազանովն էլ նման բան ասելով հո նկատի չունի՞, որ եկեղեցին լավ բան է: Ինքը նկատի ունի, որ եկեղեցին անշառ բան է ՀՀԿ-ի համար: Ինքը նկատի ունի, որ եկեղեցին բռնաճնշումների ենթարկվածների «Խավարում» խրագրով ցուցահանդես չէ, որ բռնես ու արգելես:

Եկեղեցին ճիշտ ներդրում է, եթե նրա հիմքերը մարդու մեջ են: Եթե իմ մեջ եկեղեցի կա, ես հավելյալ քարակերտ կառույցի կարիք չունեմ: Եթե Էդուարդ Շարմազանովի մեջ եկեղեցի չկա, ամբողջ Հայաստանը Սուրբ Աննա, Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Սարգիս եկեղեցի էլ դառնա, նրա Աստվածը Սերժ Սարգսյանն է լինելու: Այլ Աստված չունի Էդուարդ Շարմազանովը: Գոնե մինչև 2018-ի ապրիլը: Ինքը Սերժ Սարգսյանի տերտերն է: Եթե Աստված կա, ինչու՞ ամենքն իր գործով չզբաղվի: Իսկ եթե Աստված չկա, գուցե կենտրոնանայիք դպրոցները դպրոց դարձնելու վրա, որպեսզի գիտելիքներով աչքի ընկնողն ավելի վաղ աչքի չընկնի քաղաքապետ հոր ավտոմեքենայով մարդ սպանելով:

Եկեղեցին չեն կառուցում, այն կա կամ չկա: Եկեղեցի է մայրը, եկեղեցի է մանկապարտեզը, եկեղեցի է դպրոցը, բարի մարդը, տաղանդավոր գրողը, արվեստագետը, նաև՝ հոգևորականը, նաև՝ աթեիստը, եկեղեցին տականքից ազատ ներքին տարածությունն է: Թե չէ՝ դուք խոսեք եկեղեցուց, իսկ «արվեստագետ» Լևոն Իգիթյանը բազմաթիվ տղամարդկանց հռհռոցի ներքո թող կանանց վիրավորի:

Մեկնաբանել