Եվրոպական կառույցները ուժեղացնում են ճնշումը Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել համապարփակ հետաքննություն սկսել «Ադրբեջանական լվացքատան» առնչությամբ։

Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը, պատգամավորները դատապարտել են վերջերս արած կոռուպցիոն բացահայտումները՝ «Ադրբեջանի և երրորդ երկրներում ավտոկրատ այլ վարչակարգերի փորձերը՝ ապօրինի միջոցներով ազդեցություն ունենալ եվրոպացի որոշում կայացնողների վրա»։ Բանաձևին կողմ է քվեարկել 578 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 68։ 

Եվրախորհրդարանականները հայտարարել են, որ պետք է հետաքննել և խիստ միջոցներ կիրառել՝ կոռուպցիոն նման դեպքերը կանխելու համար։

Դրան զուգահեռ Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբոռն Յագլանդը կոչ է արել աննախադեպ իրավական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, որը հրաժարվում է ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամադովին՝ անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։

Այս առիթով բրիտանական Guardian պարբերականը, որը նաև հրապարակել է «Ադրբեջանական լվացքատուն» վերնագրով հետաքննությունը, նկատում է, որ Եվրոպայի խորհուրդն ու ՄԻԵԴ-ը Եվրամիության մաս չեն կազմում, և Ադրբեջանի նկատմամբ գործողությունների զուգադիպությունը վկայում է այն մասին, որ քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը օրակարգային են դառնում եվրոպական կառույցներում։

Յագլանդի միջամտությունը վերաբերում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Մամադովին, որը ազատազրկվել է 2013թ․ Ադրբեջանում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ նա ազատազրկվել է իշխանություններին քննադատելու համար, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է նրան ազատ արձակել։

Երեկ Եվրոպայի խորհրդի դեսպանների հանդիպմանը Յագլանդը կոչ է արել իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռները ոտնահարելու համար՝ աննախադեպ քայլ Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության ընթացքում։

«Մենք չենք կարող քաղաքական բանտարկյալներ ունենալ Եվրոպայում և չենք կարող ունենալ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել Մամադովին՝ խախտելով ամենաբարձր ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Մամադովի ձերբակալությունն ու կալանքը կամայական էին։ 

Ժամանակն է, որ Ադրբեջանը լրջորեն մտածի Եվրոպայի խորհրդի անդամի իր պարտավորությունների և այն մասին, թե արդյոք ցանկանում է շարունակել դրանց կատարումը»,- հայտարարել է Յագլանդը։

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրել է 2001թ․, սակայն նրա հրաժարումը կատարել ՄԻԵԴ-ի վճիռները ճգնաժամային իրավիճակ է ստեղծել դատարանի համար։

Կարդացեք նաև՝ «Խավիարային դիվանագիտություն․ եվրոպական ճահիճ»․ նոր զեկույց՝ Ադրբեջանից սնվող ԵԽԽՎ պատգամավորների մասին։