Կասյանից՝ Ավիս. հայ բոլշևիկները

1920թ․ նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից՝ Աղստաֆայից, անցավ  Քարվանսարա (Իջևան) և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Այս նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները՝ ՀՅԴ Բյուրո-կառավարությունը, որը դաշնակցական դիկտատուրա էր հաստատել երկրում, Ալեքսանդրապոլում բանակցություններ էր վարում հանրապետության մի մասը զավթած քեմալականների հրամանատարներից Քյազիմ Կարաբեքիրի հետ:

Արևելքից՝ Տավուշի և Արցախի հատվածից, Հայաստանը ենթարկվել էր բոլշևիկյան Կարմիր բանակի ագրեսիային: Ահա այս պայմաններում Բաքվում հաստատված հայ բոլշևիկները շարժվեցին դեպի Երևան, առանց կրակոցի Դաշնակցությունից ստացան իշխանությունը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով, երկիրը խորհրդայնացրեցին և մտցրեցին Խորհրդային Միության կազմ Անդրֆեդերացիա անվան տակ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան):

Ո՞վքեր էին Բաքվում ձևավորված Հայհեղկոմի անդամները:

Նախկինում հնչակյան Սարգիս Կասյանը (Տեր-Կասպարյան) եղել է Բաքվում ձևավորված Հայհեղկոմի նախագահը: Ծնվել է 1876թ. հունվարին Շուշիում: Հայրը՝ ուսուցիչ և առևտրական Հովհաննես Տեր-Կասպարյանը, բազմանդամ ընտանիքով տեղափոխվում է Բաքու: Մինչև 1900թ․ Սարգիս Կասյանը սովորում է Բաքվում, ապա ուսումը շարունակում Եվրոպայում: Ավարտում է Լայպցիգի առևտրական ինստիտուտը և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:

1904թ․ վերադառնում է Բաքու: Սկզբնական շրջանում հարում է Հնչակյան կուսակցության ձախ թևին։ 1905-1906թթ. մասնակցում է ՌՍԴԲԿ Բաքվի կոմունայի հայկական ենթաբաժնի ստեղծմանը: 1917-1920-ին եղել է՝ ՌԿ(բ)կ Կովկասյան երկրկոմի անդամ, 1919- 1920-ին՝ քարտուղար։

Մասնակցում է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան անլեգալ խորհրդակցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920 թվականի հունվար), ընտրվում Արմենկոմի նախագահ, 1920թ․ նոյեմբերին՝ Հայհեղկոմի նախագահ։ Նա Խորհրդային Հայաստանի առաջնորդ եղավ ընդամենը մի քանի ամիս: Այս ընթացքում էր՝ 1921-ի փետրվարին, որ տեղի ունեցավ մի քանի տասնյակ հայ գործիչների և զինվորականների կացնահարումը Երևանի բանտում:

1920-30-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել Անդրֆեդերացիայի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, 1922-1936) կազմում: Սպանվում է 1937-ին՝ դառնալով ստալինյան տեռորի զոհերից:

Գրող Բախշի Իշխանյանը Կասյանի՝ իր ժամանակակցի մասին գրել է. «[1920թ. դեկտեմբերի 4-ին մեր լսած նորությունն այն էր, որ հեղկոմի նախագահ Կասյանը և զինվորական կոմիսար Ավիս Նուրիջանյանը Դիլիջանից եկել են Երևան: Կասյանը նախկին հնչակյան էր` վաղուց անցած բոլշևիկների շարքերը: Նա բնավորությամբ բարի ու չափավոր, Հայաստանի առանձնահատկություններն ըմբռնող ու գնահատող մարդ էր: Բայց ի՞նչ նշանակություն ունեին այդ բարեմասնությունները, եթե նա չափազանց կամազուրկ, մտավախ ու թուլամորթ էր, բացարձակապես զուրկ որևէ ազդեցությունից սեփական ընկերների շարքերում, ուր «հայր սարկավագ» ծաղրական մականունն էր վաստակել: Կարծես նրան կառավարության գլուխ էին նշանակել` ավելի շուտ հարգելով տարիքը, քան շնորհքն ու ընդունակությունը:

Մինչև 1918-ը ՀՅԴ-ական Ավիս (Ավետիս) Նուրիջանյանը ծնվել է 1896թ. Կապանին կից Վաչագան գյուղում: Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, ուսանել Կիևի առևտրական ինստիտուտում: 1917- 1918-ին եղել ՀՅԴ-ական, ապա մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը:

Գրող Բախշի Իշխանյանը Ավիսին մասին գրել է: «Նա Հայաստանի Հերոստրատն էր: Մշտաբորբոք ուղեղի ազդեցության տակ գործող մի հիվանդ դեմք երիտասարդ ուսանող, կատարյալ սադիստ ու դեգեներատ, մինչև 1918 թ. կեսերը դեռևս մոլեռանդ դաշնակցական, իսկ հետո, … աշխատում էր ամեն մի լպիրշ ու ստորաքարշ արարքով իր ծնող ռուսներին ցույց տալ, որ ինքը ուղղափառից էլ ավելի մոլեռանդ ու հավատարիմ անդամ է: Ավիսները կառավարեցին Հայաստանը ու կանխորոշեցին նրա քաղաքական բախտը, այլ ոչ կասյանները: Եվ ավիսների նման տիպերն էին խրախուսանքի ու գովքի արժանանում կենտրոնից, որովհետև ինքը` բոլշևիկյան վարչակարգը, որպես տիրող համակարգ, հիմնվել և առաջ էր ընթանում ավիսների միջոցով»:

Հայկական տեռորի կնքահայրերից Ավիսը դարձավ ստալինյան տեռորի զոհ 1937-ին:

Ասքանազ Մռավյանը ծնվել է 1885թ. Ելիզավետպոլում, այսօր՝ Գյանջա: 1905-ից կոմկուսի անդամ էր: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, Պետերբուրգի հոգենեվրոլոգիական ինստիտուտը: 1921-1923 թթ. եղել է Խորհրդային Հայաստանի արտգործնախարար: Հայաստանի ներքգործնախարար Պողոս Մակինցյանի հետ Կարսում թուրքերի հետ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքել է Կարսի պայմանագիրը: Մահացել է 1929թ. Երևանում:

Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879թ., Շուշիում: Ուսանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակական-քաղաքական ֆակուլտետը: 1930-1934 թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, 1934-1937 թթ.` Հունգարիայում: Մահացել է 1939թ.:

Իսահակ Դովլաթյանը (Դովլաթով) ծնվել է 1887թ. Շուշիում: Կոմկուսի անդամ էր 1906-ից, 1920-1923 թթ. եղել է Խորհրդային Հայաստանի ներքգործժողկոմ: Եղել է Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ անդամ: Ստալինյան տեռորի զոհ է դարձել 1938-ին:

Սահակ Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1886թ. Շուշիում: Ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, 1920-ից դարձել է Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935թթ.` Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը (վարչապետ): Դարձել է ստալինյան տեռորի զոհ 1937-ին: