Ադրբեջանի հայ առաջնորդները, Խորհրդային Հայաստանի թուրք նախարարները

Խորհրդային Հայաստանի (1920/21-1991թթ․) գոյության տարիներին հանրապետության կառավարության կազմում եղել են թուրք և ադրբեջանցի նախարարներ:

Այսպես, Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցի:

Խորհրդային Հայաստանի արդարադատության առաջին նախարարը եղել է թուրք Սուլեյման Նուրին Ստամբուլից: Նա այդ պաշտոնը, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, զբաղեցրել է 1921թ․ առաջին օրերից մինչև նույն տարվա փետրվարի 17-ը:

Ադրբեջանցի Ռիզա Վելիբեկովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել 1937թ․ հոկտեմբերի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 2-ը՝ ընդամենը մեկ ամիս:

Ադրբեջանցի Սաֆար Ալիմամեդովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել շուրջ երկուսուկես տարի՝ 1938թ․ հուլիսի 14-ից մինչև 1940-ի դեկտեմբերի 27-ը:

Ի դեպ, եթե Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) կառավարությունների կազմում չի եղել և ոչ մի թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի նախարար, ապա մուսավաթական Ադրբեջանի (1918-1920թթ․) կառավարության կազմում եղել են երկու հայ նախարար Դաշնակցություն կուսակցությունից՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով):

1919թ. մարտին հրաժարական տվեց Ֆաթհալի Խան Խոյսկու երրորդ կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, ով նաև զբաղեցրեց ներքգործնախարարի աթոռը:

Նրա կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը (կանգնած, ձախից առաջինը) ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով) (նստած, աջից առաջինը): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն:

Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Ի դեպ, մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների գրեթե 10 տոկոսը եղել են հայեր:

Եվս երկու հայ կոմունիստներ զբաղեցրել են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը՝ Լևոն Միրզոյանը (Արցախից) ու Ռուբեն Ռուբենովը (Թիֆլիսից):

Լևոն Միրզոյանը ծնվել է 1897թ․ Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926թ․ հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Հետագայում աշխատել է Ռուսաստանում, Ղազախստանում: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին:

Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ հայազգի առաջնորդ՝  Ռուբեն Ռուբենովը (իսկական ազգանունը՝ Մկրտչյան), ծնվել է 1893թ․ Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին: