Ադրբեջանի ու BP-ի «դարի գործարքը»՝ մինչև 2050 թվականը

Ադրբեջանն ու British Petroleum-ի գլխավորությամբ միջազգային կոնսորցիումը սեպտեմբերի 14-ին մինչև 2050թ․ երկարաձգել են Կասպից ծովում նավթի արդյունահանման վերաբերյալ այսպես կոչված «դարի գործարքը»։ Ծովային երեք հանքավայրերի՝ «Ազերիի», «Չիրագի» և «Գյունեշլիի» շահագործման շուրջ համաձայնագիրը Ադրբեջանը կնքել էր 1994թ․ 11 միջազգային ընկերությունների հետ։ Այդ պահի դրությամբ հետազոտված պաշարները կազմում էին 511 մլն տոննա։ Հինգշաբթի օրը Բաքվում կայացած արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի և Ամերիկաների գծով նախարար Ալան Դանքընը, Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Ելոշվիլին, ինչպես նաև նախագծում բաժնեմաս ունեցող ընկերությունների ներկայացուցիչները։

Նոր պայմաններով Ադրբեջանի պետական՝ SOCAR նավթային ընկերության բաժնեմասն այժմ կազմում է 25 տոկոս՝ նախկին 11,6 տոկոսի փոխարեն։ Մինչդեռ BP-ի բաժնեմասը 30,37 տոկոսից հասնում է 35,8-ի։ BP-ն շարունակում է մնալ օպերատորը։

Բացի այդ, օտարերկրյա գործընկերները պարտավորվում են տասնամյակների ընթացքում մեծ ներդրումներ անել Ադրբեջանի նավթային սեկտորում և երկրի Պետական նավթային հիմնադրամ վճարել 3,6 մլրդ դոլարի բոնուս։

Վերջին երեք տարում այս հիմնադրամը, որտեղ ուղղվում են նավթի ու գազի արդյունահանումից և ոսկուց ստացված եկամուտները, ոչ միայն չի աճել, այլև կրճատվել է անցյալ տարի ածխաջրածնային հումքի համաշխարհային գների անկման պատճառով։

«Վերոհիշյալ բոնուսը կվճարվի Ադրբեջանին ութ տրանշերով՝ առաջիկա ութ տարիների ընթացքում այն բանից հետո, երբ համաձայնագիրը վավերացվի Ադրբեջանի խորհրդարանի կողմից»,- SOCAR-ի աղբյուրն ասել է Reuters-ին։

Ինչպես շեշտում է գործակալությունը, 1994թ․ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի արդյունահանման համաձայնագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո վերափոխիչ դեր ունեցավ Բաքվի քաղաքական և տնտեսական զարգացման տեսանկյունից։

Նոր գործարքը, որի կոնկրետ պայմանները չեն հրապարակվում, շահութաբեր է գործընկերների համար նավթի ներկայիս՝ 55 դոլար մեկ բարելի դիմաց գնի պայմաններում, ասել է BP-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ 

Հանքավայրերը օրական 585 հազ․ բարել են արտադրում՝ կազմելով Ադրբեջանի նավթային արտադրանքի երեք քառորդը, սակայն արդյունահանման ծավալները, ինչպես ակնկալվում է, կաճեն, քանի որ կոնսորցիումի անդամները առաջիկա 32 տարում կարող են ներդնել մինչև 40 մլրդ դոլար՝ ըստ հաղորդագրության։

«Արդյունահանման ենթակա միլիարդավոր բարելներ դեռ կան և նախագծում ներդրման ենթակա՝ միլիարդավոր դոլարներ»,- Reuters-ին ասել է Wood Mackenzie-ի վերլուծաբան Լորա Բեննին։ Նրա խոսքով՝ այժմ ուշադրություն է դարձվելու միանգամայն նոր հարթակի՝ «Ազերի Կենտրոնական Ասիա»-ին, որը կգործարկվի 2020-ականներին։

Ինչպես նշվեց, արարողությանը մասնակցել է Բրիտանիայի նախարար Ալան Դանքընը։ Այցի նախաշեմին Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է հետևյալը․ «Նախարարը կմասնակցի ստորագրման արարողությանը՝ նվիրված BP-ի և Ադրբեջանի SOCAR-ի միջև գործարքի թարմացմանը։ Գործարքի կնքումից ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումների արդյունքում աշխարհի նավթային շուկաներ է մտել ավելի քան 3 մլրդ բարել նավթ։ Նոր այս համաձայնագիրը հազարավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում»։

Այնուհետև մեջբերվել է նախարարի խոսքը Բաքու այցից առաջ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և հարաբերությունները գնալով «ավելի ու ավելի են ամրապնդվում»։

Որպես Ադրբեջանի խոշորագույն օտարերկրյա ներդրող՝ Մեծ Բրիտանիան առանձնահատուկ կերպով սատարում է Ադրբեջանի զարգացմանը։

Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ բարեփոխումները, թափանցիկությունն ու մարդու իրավունքները կարևոր են «հաջողակ և բարգավաճ հասարակություն ունենալու համար»։ Դանքընը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունենալու ոչ միայն կառավարության, այլև քաղաքացիական հասարակության հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան աջակցել Ադրբեջանին։

Ինչպես նկատում է BBC-ի Քամա Մուստաֆաևան, Ադրբեջանի տնտեսության համար, որը նավթից ստացված գերեկամուտները «հաճույքով ծախսել է թանկ նախագծերի վրա», նավթադոլարների կտրուկ կրճատումը սառը ցնցուղ է դարձել․ կրճատվել են կառավարության եկամուտները, անկում է ապրել ազգային արժույթը, կործանման եզրին է բանկային համակարգը։ Ակնհայտ էր «նավթային ասեղից» կախվածությունը։

Երկրորդ տարին անընդմեջ տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է։ Կառավարությունը թեև խոստանում է վերականգնել այն, սակայն կարճ ժամկետներում դա դժվար թե հաջողվի։

Ադրբեջանում BP-ի երկրորդ խոշոր նախագծի՝ Շահ Դենիզ գազի հանքավայրի զարգացումը և ԱՉԳ-ում նոր էական ներդրումները կարող են լրջորեն աջակցել երկրի ՀՆԱ-ի աճին։

BP-ի ղեկավար Բոբ Դադլիի խոսքով, որին ստորագրման օրը Ալիևը Բարեկամության շքանշան է տվել, նոր համաձայնագիրը իրավացիորեն կարելի է անվանել նոր հարյուրամյակի համաձայնագիր։

BBC-ն ընդգծում է, որ ԱՉԳ-ում կարող է ներդրվել 40 մլրդ դոլար։

Թեժ քննարկումներ

Նոր համաձայնագրի կնքումը ադրբեջանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների թեմա է դարձել։ Շատերը պնդում են, թե անկախ նրանից՝ նավթ կա կամ չկա, դրանից սովորական քաղաքացիների կյանքը չի փոխվում, մեծանում է հարուստների ու աղքատների միջև անդունդը։ 

Մինչդեռ REAL ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆառլին կարծում է, որ հայրենակիցների գրպանում «10 մանաթից 8,5-ը գոյացել է նավթի շնորհիվ՝ ուղղակի կամ անուղղակի»։

Քաղաքացիական հասարակության անդամները, ինչպես օրինակ՝ լրագրող Խադիջա Իսմայիլովան, ակնկալում էր, որ Դանքընը, խոստացածի պես, քննարկումներ կունենա կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, ինչը, ըստ ամենայնի տեղի չի ունեցել։

«Դարի գործարքն» ու «Ադրբեջանական լվացքատունը»

BP-ի և Ադրբեջանի միջև դարի գործարքի թարմացումը համընկավ Բաքվի դեմ Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում հնչող հայտարարությունների հետ։ Վերջերս հրապարակված «Ադրբեջանական լվացքատան» սկանդալից հետո Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել համապարփակ հետաքննություն սկսել, իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբոռն Յագլանդը կոչ է արել «աննախադեպ իրավական քայլեր» ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ 

«Մենք չենք կարող քաղաքական բանտարկյալներ ունենալ Եվրոպայում և չենք կարող ունենալ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել Իլգար Մամադովին՝ խախտելով ամենաբարձր ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Մամադովի ձերբակալությունն ու կալանքը կամայական էին։

Ժամանակն է, որ Ադրբեջանը լրջորեն մտածի Եվրոպայի խորհրդի անդամի իր պարտավորությունների և այն մասին, թե արդյոք ցանկանում է շարունակել դրանց կատարումը»,- հայտարարել է Յագլանդը։ 

 

Ստելլա Մեհրաբեկյան