Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում լրագրողների և համաժողովի մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին։ Նա ներկայացրել է բանակցությունների սեղանին առկա սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի ԼՂ խնդիրը․

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար։

– Մինչև կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։

– Լեռնային Ղարաբաղի անվտանգության միջազգային, բազմաշերտ երաշխիքներ։

– Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային անվտանգ կապ, «որպեսզի այն զենքը, որ այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա դա օգտագործելով՝ այդ անվտանգ կապը հարցականի տակ դնել»։

– Փախստականների և տեղահանվածների վերադարձ․ «Բոլորը պետք է իրավունք ունենան վերադարձի, կվերադառնան, թե ոչ, այլ հարց է»։

– Տարածքների վերադարձ․ «Խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձը հիմնախնդրի այս ամբողջ կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցնելու և սպառանալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»։