Ուկրաինան դեմ է՝ Դոնբասում տեղակայվեն ՌԴ-ի ու նրա «արբանյակ» Հայաստանի, Ղազախստանի ուժերը

Ուկրաինայի՝ ժամանակավորապես գրավված տարածքների ու ներքին տեղահանվածների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան հայտարարել է, որ Դոնբասում տեղակայվելիք խաղաղապահների կազմում պետք է լինեն չեզոք երկրների ներկայացուցիչներ, բայց ոչ Ռուսաստանից և «նրա արբանյակներ Հայաստանից ու Ղազախստանից»։

Դոնբասում խաղաղապահների քանակը պետք է տատանվի 40-60 հազար մարդու սահմաններում՝ հաշվի առնելով, որ նրանք պետք է խաղաղություն ապահովեն «ամբողջ օկուպացված Դոնբասի տարածքում», ասել է Տուկան։

Նա շեշտել է, որ խաղաղապահների կազմում պետք է լինեն չեզոք երկրների ներկայացուցիչներ, բայց ոչ ՌԴ-ի և նրա արբանյակներ Հայաստանի ու Ղազախստանի։

Սեպտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների առկայությունը օգուտ կբերեր Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը։ Նա հանդես է եկել այն բանի օգտին, որ խաղաղապահ զորքերը տեղակայվեն կողմերի միջև շփման գծում և ոչ մի այլ տարածքներում։

Ռուսաստանը համապատասխան բանաձևի նախագիծը ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուսումնասիրությանը։