ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանին Ալիևը մասնակցում է ընտանյոք հանդերձ

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում համընդհանուր քաղաքական բանավեճը։ 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջոցառմանը Ադրբեջանի նախագահը մասնակցել է կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ։ Ալիևների ընտանեկան լուսանկարը թեժ քննարկումների է ենթարկվել սոցցանցերում։ 

Ադրբեջանի նախագահն ու նրա կինը նաև, ըստ հաղորդագրությունների, մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ կազմակերպած ընդունելությանը։

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Թուրքիայից «լրացուցիչ պարզաբանում» է ակնկալում արձանագրությունների մասով, որոնք երեք տարի առաջ ուղարկել էր «գրողի ծոցը»։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել ՄԱԿ-ի ամբիոնից իր առաջին ելույթով։ Նա նախազգուշացրել է «վտարանդի ռեժիմների» և ահաբեկիչների ներկայացրած վտանգի մասին, սպառնացել է «ոչնչացնել» Հյուսիսային Կորեան և խոսել Ուկրաինայի ինքնիշխանությանը սպառնալիքների անթույլատրելիության մասին։ Թրամփը քննադատել է Իրանի, Սիրիայի, Կուբայի, Վենեսուելայի ղեկավարություններին։ Իրանի մասով ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ այդ երկրի ղեկավարությունը «երբեմնի ծաղկող երկիրը հասցրել է քաոսի»։ Թրամփը դատապարտել է նաև Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ ասելով, որ այն թույլ է տալիս Իրանին ապագայում միջուկային զենք ստանալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի չի մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի չմասնակցությունը արտասովոր չէ, «ռուսաստանցի առաջնորդը ամեն անգամ չի մասնակցում»։