Որպեսզի Աստծո հույսին չմնանք

«Երանի այն ազգին, որի օգնականը Աստված է»: Այսպիսի գրությամբ վահանակներ կարելի է հանդիպել Երևանի փողոցներում: Սա հատված է Հին Կտակարանի Սաղմոսներից: Այսինքն` հրեաներն են գրել: Նորմալ է: Աստված օգնական էր հրեաներին: Այն ժամանակ Ինքը կար և օգնում էր:

Դա մի Աստված էր, որը կոփեց հրեա ազգին: Հատկապես նրանց: Իրենց բոլոր առավելությունների մեջ այդ կոփվածությունը կա: Լավն էին հրեաները, թե լավը չէին, կարգավորվում էր Աստված-հրեա հարաբերությամբ: Չնայած դրան, հրեաներն ունեն պետություն, ունեն կառավարություն, ունեն ամեն ինչ, որպեսզի կարողանան ապրել առանց Աստծո: Որքան գիտեմ, Սահմանադրություն չունեն: Բայց հրեաներն, ի վերջո, դարձել են մի ազգ, որն Աստված է «արտահանում»: Անձամբ ես այդտեղ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում:

Մենք մեր Աստվածը չունենք: Փոխարենը ունենք պետություն: Նաև՝ Սահմանադրություն: Որպեսզի Աստծո հույսին չմնանք: Հիմա ինչու՞ ենք մենք երանի տալիս հրեաներին, որոնք համապատասխան ամբողջ միջավայրն ունեն այսպիսի «երանիների» հույսին չմնալու համար: Ունեն միջուկային զենք, ունեն ԱՄՆ, ունեն արժանապատության սրված զգացում: Երուսաղեմի փողոցներում այսպիսի «երանիների» չես հանդիպի: Իրենց բոլոր «երանիները» նրանք ունեն առձեռն: Չեմ պնդի, թե ամեն օր հրեան ապրում է Աստծո զգացողությամբ, բայց նա, կրկնում եմ, ստեղծել է մի պետություն, որը կառուցված է Աստծո բացակայության կանխավարկածով: Իսկ մենք դեռ հույս ունենք, որ գոնե մեզ համար 21-րդ դարում Աստված կա: Սա նշանակում է, որ բացարձակապես չունենք պետություն: Ավելին, նշանակում է, որ Աստծո բացակայության կանխավարկածն ընդհանրապես չենք դիտարկում:

«Երանի այն ազգին, որի օգնականը Աստված է»: Այսինքն, գերխնդիրը ազգն է: Այդպես չի լինում: Ազգի կյանքում «Աստծո» վերջին մասնակցությունը պետություն ունենալն է: Եթե մեր օգնականն Աստված է, նշանակում է, ինքներս ազատ ենք մարդ չլինելու: Կամ՝ լինելու: Նշանակում է՝ Իշխանությունը ոչ թե պարտավոր է, այլ՝ ողորմած: Պատմությունը միայն հրեաներին գիտի, երբ Աստված օգնական էր մի ամբողջ ազգի: Երկրորդ այդպիսի օրինակ չկա: Երբ եկեղեցին մեր փողոցներում այդպիսի վահանակներ է տեղադրում, ուզում է ասել, որ ինքն իր պատերի ներսում համոզիչ չէ որպես Աստծո ներկայացուցիչ: Դա փորձում է անել պետության հաշվին: Իսկ պետությունում կան հեթանոսներ, աթեիստներ, մարդիկ կան, որ ընդհանրապես Աստված չունեն: Դա պետության ներկայացուցչի քմահաճույքն է, ինքն է որոշում ինչ կամ ում ունենալ իր ներսում: Պետության մեջ Աստված անհրաժեշտություն չէ, բայց այն, գուցե, անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար առանձին վերցրած: Մեկի համար Աստված թեմա է, մյուսի համար՝ ավելորդ զրույց: Մարդը կորցրել է սիրած աղջկան ու ոչ մի Աստված չի փոխարինի միս ու արյուն ունեցող այդ փխրուն արարածին: Հենց դրանով է պետությունը տարբերվում եկեղեցուց: Աստված ունենալն ընտրություն չէ, չունենալն է ընտրություն:

Ինչու՞ է ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմը քաղաքացուն պարտադրում պետություն չունեցողի կարգախոս: Սա ճիշտ չէ: Մենք, ճիշտ է, այդպես էլ չկարողացանք իշխանություն ընտրել, չենք կարողանում փայփայել անկախությունը, արդեն նույնիսկ Մասիսի գագաթին ենք ուզում դրոշ կանգնեցնել: Աստված ունենալը վատ բան չէ: Ըստ իս, նույնիսկ անհրաժեշտ է: Բայց յուրաքանչյուրն ինքնուրույն է «վաստակում» Նրան, յուրաքանչյուրն իր ներսից է աճեցնում Նրան, ինքն իր ներսում պետք է ունենա Աստծո միջավայրը: Յուրաքանչյուրն ունի մի Աստված, որը մյուսի հետ կարող է չխոսել: Համահարթեցված Աստծո իրականություն չկա, եթե մարդը մի հոգի է: Ի վերջո, ինչու՞ Աստված պետք է մի ամբողջ ազգի օգնական լինի: Գուցե ամբողջ մոլորակի՞ն լինի օգնական: Ազգեր են դուրս գալիս իրար դեմ: Եթե մեկին օգնական եղավ, դա չի անելու՞ մյուսի հաշվին: Ի վերջո, եթե կա այդպիսի Աստված, հաստատ մեկ ուրիշը չի լինելու: Իսկ մենք, ի՞նչ է, մեր ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանով կամ Միհրան Պողոսյանով մյուս ազգերից ինչ-որ բանով առավե՞լ ենք: