Արայիկ Հարությունյանը՝ պետ․ նախարար, Մասիս Մայիլյանը՝ ԱԳ նախարար․ նոր նշանակումներ Արցախում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքը սահմանելու մասին։ Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ըստ նոր կառուցվածքի, նշանակվել է պետական նախարար։ Վարչապետի պաշտոնը, ըստ Լեռնային Ղարաբաղի նոր սահմանադրության, վերացվել է։ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը։

Լեռնային Ղարաբաղի կառավարությունն այժմ ունի հետևյալ կառուցվածքը.

պետական նախարար,

առողջապահության նախարարություն,

արդարադատության նախարարություն,

արտաքին գործերի նախարարություն,

աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն,

բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն,

գյուղատնտեսության նախարարություն,

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն,

կրթության, գիտության և սպորտի նախարարություն,

մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն,

պաշտպանության նախարարություն,

քաղաքաշինության նախարարություն,

ֆինանսների նախարարություն:

Բակո Սահակյանի հրամանագրով սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ.

ազգային անվտանգության ծառայություն,

ոստիկանություն,

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

ԼՂ նախագահի հրամանագրով նշանակվել են.

պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը,

առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը,

արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը,

արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը,

աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝

Սամվել Ավանեսյանը,

բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը,

գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը,

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝

Լևոն Գրիգորյանը,

կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը,

մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝

Սերգեյ Շահվերդյանը,

պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը,

քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը,

ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ ԼՂՀ նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:

Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.

Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Մեկնաբանել