Մերկելի կուսակցությունը հաղթանակ է տանում Բունդեսթագի ընտրություններում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU/CSU) առաջատար է Բունդեսթագի ընտրություններում՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների մոտ 33 տոկոսը, հաղորդում է Deutsche Welle-ն։ Չնայած հաղթանակին՝ սա կուսակցության վատագույն արդյունքն է 1949-ից ի վեր։

Անգելա Մերկելը, մեկնաբանելով արդյունքները, հայտարարել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։

«Մենք ուժեղագույն կուսակցությունն ենք, և մեր խնդիրն է կառավարություն ձևավորել։ Իհարկե, մենք ավելի լավ արդյունքի հույս ունեինք»,- ասել է Մերկելը։

Կանցլերը դեռ չի բարձրաձայնել կոալիցիայում հնարավոր դաշնակիցներին։ Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին արդեն հայտարարել են Կանաչները։

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)՝ Մարտին Շուլցի գլխավորությամբ, ընտրություններին ստանում է 20,5 տոկոս ձայն։ Շուլցը և նրա կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ կուսակցությունը չի մասնակցելու կոալիցիային և մտադիր է գնալ ընդդիմություն։

Բունդեսթագ առաջին անգամ մտնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) աջ կուսակցությունը, որը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման, եվրոյից հրաժարման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման օգտին։ Այն հավաքում է ձայների մոտ 13 տոկոսը, ընդ որում՝ Գերմանիայի արևելքում՝ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։

Ընդհանուր առմամբ, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն, այդ թվում՝ Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP, 10,7 տոկոս), Ձախերը (9,2 տոկոս) և Կանաչները (8,9 տոկոս)։

Մեկնաբանել