Քաջազնունու և Արամի տեղը Հայաստանի մայրաքաղաքում

Ընդամենը երեք ամսից մտնում ենք 2018 թվական։

2018-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Հայաստանի Հանրապետության հիմնադրումը ավելին է, քան լոկ հայոց պատմության մի դրվագ և իրադարձություն, որ պիտի լինի պատմաբանների ուսումնասիրման թեմա։ Հենց այդ հանրապետության ստեղծումն էր, որ ապահովեց շարունակականություն՝ Խորհրդային Հայաստան, նախ անկախ կամ կիսանկախ մինչև 1922-ը, ապա Խորհրդային Միության մաս՝ մինչև 1991-ը, և ապա այսօրվա Հայաստան։

Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Արարատյան դաշտի և շրջակա տարածքների հայ (նաև՝ եզդի ու այլ հայաստանցիներ) ժողովուրդն էր։ Բայց ինչպես ժողովուրդների պատմության մեջ, այնպես էլ մեր դեպքում, կրիտիկական պահերին ծնվում են առաջնորդներ, որոնք էլ մարմնավորում են տվյալ ժամանակահատվածը։

1918-ի գարունը ևս բացառություն չէր։ Արարատյան դաշտի ժողովրդի առաջնորդ դարձավ Արամ Մանուկյանը, ով ղեկավարում էր Երևանի ազգային խորհուրդը՝ բազմակուսակցական մի մարմին, որտեղ ամենից ներկայացվածը Դաշնակցությունն էր։

Հայաստանի փաստացի անկախությունը հռչակվեց Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհրդի կողմից, բազմակուսակցական մի մարմին, որտեղ ամենից ներկայացվածը կրկին Դաշնակցությունն էր։

Այդպես էր, քանի որ օրվա հայկական աշխարհի ամենից ժողովրդականություն վայելող կուսակցությունը հենց Դաշնակցությունն էր։

Այս գրության մեջ ես մանրամասների մեջ չեմ մտնում, թե ինչպես հռչակվեց Հայաստանը, ինչ դերակատարություն ունեցավ Օսմանյան կայսրությունը, չեմ անդրադառնում Բաթումի պայմանագրին և դրան անմիջապես հաջորդած Ալեքսանդրապոլի բանակցություններին ու մյուս կարևոր հանգամանքների։

Պատմական անվիճելի իրողություն է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրման գործում վճռորոշ էր հատկապես երկու մարդու դերակատարությունը՝ Արամի և Հովհաննես Քաջազնունու։

100-ամյակի նախօրեին Արամը և Քաջազնունին, տեղ չունեն Երևանում։ Այո՛, կա Արամի կիսանդրին, կան նրա և Քաջազնունու անունով նեղլիկ ու կարճ փողոցներ։

Բայց դա բավարար չէ։

Փոխարենը, Երևանի կենտրոնում հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման հետ կապ չունեցող Անդրանիկի, ինչպես նաև Նժդեհի մեծ արձանների հետ։

Անդրանիկը ոչ միայն կապ չի ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնադրման հետ, այլև դատապարտել է իր նախկին կուսակիցներին՝ դաշնակցականներին, որոնք, նրա խոսքերով, համակերպվել էին «թուրքի ձեռքով ստեղծված Հայաստանի հետ» (Անդրանիկի խոսքերում ճշմարտություն կա, քանի որ, իրավամբ, Օսմանյան կայսրությունը առաջին էր ճանաչել Հայաստանը և ավելին, նաև թուրքերի պարտադրանով հռչակվեց Հայաստանը)։

Ճիշտ է, հայ ժողովուրդն է Անդրանիկին բարձրացրել հայոց պատմության պատվանդան, բայց ոչ Հայաստանի հիմնադրման գործում ունեցած ավանդի համար։

Նժդեհը անուրանալի դեր է կատարել Զանգեզուրում, բայց նրա մեծադիր արձանի տեղադրումը Երևանի կենտրոնում, երբ բացակայում են իրական հիմնադիրներ Արամն ու Քաջազնունին, պատմության իմ ընկալումով՝ անոմալիա է։

Հայաստանի գործող իշխանությունները, ովքեր իրենցով են արել Նժդեհին (պատմական ևս մեկ անոմալիա), հակված չեն Արամին պատվավոր տեղ տալ մայրաքաղաք Երևանում։

Քաջազնունու դեպքում Դաշնակցությո՛ւնը կարևորություն չի տալիս, քանի որ նա հեռացել է կուսակցությունից և հրատարակել հայտնի գիրքը՝ «Հ․ Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս»։

Պետք է հասկանալ, որ Արամն ու Քաջազնունին նախ և առաջ պետական մտածողությամբ, խորը անհատականություններ էին և ապա միայն կուսակցական գործիչներ։ Նրանց պետք է մեծարել ոչ թե նրա համար, որ եղել են ՀՅԴ անդամներ, այլ որովհետև նրանք Հայաստանի իրական հիմնադիրներն են։

Ճիշտ է նաև, որ Արամին ու Քաջազնունուն անկարելի է պոկել ՀՅԴ-ից։

Լուսանկարում՝ Հովհաննես Քաջազնունին Ֆրեզնոյում։