Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ԼԳԲՏ համայնքի մոտ 100 անդամի

Վերջին օրերի ընթացքում Բաքվի ոստիկանությունը զանգվածայնորեն ձերբակալել է ԼԳԲՏ համայնքի առնվազն 100 անդամի․ այս մասին ահազանգում է Civil Rights Defenders իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություններում ձերբակալությունները բնութագրվում են որպես «մարմնավաճառության դեմ պայքար»:

Ակտիվիստները ահազանգում են, որ ձերբակալվածները ենթարկվել են ծեծի, հայհոյանքների, պարտադրվել են անցնել բժշկական զննություն, իսկ տրանսսեքսուալ կանանց ստիպել են սափրել գլուխները։

Շատերին բաց են թողել միայն այն բանից հետո, երբ նրանք տվել են ԼԳԲՏ համայնքի իրենց համախոհների հեռախոսահամարները, որոնք հետո նույնպես ձերբակալվել են և ենթարկվել նույն վերաբերմունքին։

Պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի իշխանություններն առանց ապացույցների պնդում են, որ բոլոր բերման ենթարկվածների մոտ ախտորոշվել են վարակիչ հիվանդություններ կամ ձերբակալության պահին ունեցել են թմրամիջոցներ։

Ադրբեջանը 2016 ILGA-Europe Rainbow Index վարկանիշում զբաղեցնում է 49-րդ տեղը եվրոպական երկրների շարքում։ Չնայած 2001թ․ Ադրբեջանում նույնասեռականությունը ապաքրեականացվել է՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվում են բռնության և հանրային պարսավանքի։

Մեկնաբանել