«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի մի մասը վճարովի կլինի․ նախարար

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածը կլինի վճարովի, սակայն այլընտրանքային անվճար ճանապարհ ևս կլինի․ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է գլխավորապես Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Մարտիրոսյանի խոսքով` քննարկվում է մասնավոր հատվածի ներգրավումը և վճարովի ավտոճանապարհ ունենալը, որի շնորհիվ ավտոճանապարհը ժամանակային առումով երեք ժամ կկրճատվի:

Ըստ նախարարի` մայրուղու հարավային Արտաշատ-Մեղրի հատվածի կառուցման համար որոշվել է ներգրավել մասնավոր ընկերություններ: Միայն այդ հատվածի կառուցումը կարժենա, ըստ նախնական հաշվարկի, 1.5 միլիարդ դոլար:

«Որոշումը ընդունված է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, 1,5 մլրդ եթե հնարավոր է ներգրավել մասնավորից, և ներգրավել վարկային միջոց, ո՞րն է ավելի ձեռնտու պետությանը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` այլընտրանքային անվճար ճանապարհ ունենալու համար քննարկումներ են գնում ընկերությունների հետ:

«Պատրաստվում ենք շուտով ընդունել օրենք՝ պետություն-մասնավոր համագործակցությանը վերաբերող: Չեմ ասում կոնկրետ այս ճանապարհի համար, բայց հիմնական մեծ ծրագիրը լինելու է այդ ճանապարհը»,- ասաց նախարարը:

Նախարարը նշում է, որ ներկայիս հաշվարկով՝ 556 կիլոմետրանոց ողջ «Հյուսիս-Հարավ» մայրուղին, որը Բավրայից ձգվելու է մինչև Մեղրի, կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար:

«Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այդ ճանապարհը, որովհետև ունենում ենք Հյուսիսը Հարավին կապող բարձրակարգ ճանապարհ: Ճանապարհի որակից կախված է և՛ տուրիստական հոսքը, և՛ բեռնափոխադրումների հոսքը, որը վսահ ենք՝ կշատանա»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեկնաբանել