«Օրհնյալ ոտքի» փալասը

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում Ռուսաստանի կրթության նախարարին երգ ու պարով էին դիմավորում: Մերոնք գերազանցում են նույնիսկ ռուսների սպասելիքները: ԽՍՀՄ են խաղում էս մի մատ հողի վրա: Երգ ու պարը վատ բան չէ, բայց ինչու՞ տոնախմբությամբ: Այսինքն, օրհնյալ ո՞տք եք տեսել:

Ինչ-որ չեմ հիշում, որ մանկավարժականի այլ հյուրերի այցը այսպիսի խանդավառություն առաջացնի այդ բուհում: Կարծես թե ամբողջական ֆակուլտետներ են ոտքի հանվել, որպեսզի պարեն կամ ծափահարեն: Ոչ մի վատ բան չկա պարելու մեջ: Հատկապես, որ երիտասարդները վատ չէին պարում: Բայց ինչու՞, ընկերներ, հենց Ռուսաստանի կրթության նախարարի այցի առիթով: Սա բացատրության կարիք ունի: Ո՞րն է այս ոգևորության ստանալիքը կրթության նախարարից: Ի՞նչ ունի նա տալու այս ուսանողներին, որոնք պարում են և ծափահարում: Ինչու՞ է մի ամբողջ բուհ ոտքի հանվել, որպեսզի կրթության հետ կապ չունեցող միջոցառումներ անի: Սա շնորհակալության արարողությու՞ն է, թե՞ ռուսաց լեզվի հանրայնացման դեմ վերջին շրջանի արշավի փոխհատուցում: Քաղաքակիրթ ո՞ր երկրում կարելի է նման բան տեսնել: Ասում եմ, ինքնին պարի մեջ վատ բան չկա: Բայց այսպես կարելի էր գուցե վարվել, եթե դիմավորեին, ասենք, Խոակին Կորտեսին՝ ֆլամենկոյի լավագույն կատարողներից մեկին: Կամ Միխայիլ Բարիշնիկովին՝ ռուսական բալետի հանճարեղ ներկայացուցչին:

Իշխանությունը մեծ տեղ է որոշել տալ ռուս պաշտոնյաներին, ինքն ուզում է ամեն առիթով հիշեցնել, որ ռուսները խնդիր չունեն Հայաստանում, որ օրհնյալ ոտքն օրհնյալ է ընդհուպ մի բուհում, որտեղ պարողների մեծ մասը սովորում է վարձով, գիշերները կամ ուսման ժամերից հետո աշխատում է երեկոյան և պարելու քիչ առիթ ունի: Ըստ իս, կրթության նախարարը տեղի ունեցածի համար պետք է պատասխան տա: Նա անձամբ մասնակից է եղել պետության այսպիսի «խոնարհմանը»: Մանկավարժականի ռեկտորը հազիվ թե ինքնագլուխ նման բան նախաձեռներ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ինքը մտնում նախարարի մոտ և ասում՝ Ռուսաստանից կրթության նախարար չկա՞ այցելող, էսպիսի գաղափար ունեմ:

ԵԱՏՄ-ից հետո Հայաստանը փալաս լինելու ինքնագործունեությանն է տրվել: Եվ դա լավ է ստացվում հատկապես ռուսների առջև: Սերժ Սարգսյանը մեզ չափազանց շատ է խորացրել փալաս լինելու պատրաստակամության մեջ:  Ինչու՞: Ասենք, ի՞նչ կլիներ, եթե մանկավարժականը չպարեր: Ոչինչ: Ռուսաստանի կրթության նախարարը կմտներ իր դասերով զբաղված այդ բուհ, կխոսեր ուսանողների հետ, կփորձեր հասկանալ, թե հատկապես բանասիրականի ուսանողները ռուս ժամանակակից ո՞ր գրողին գիտեն, կիմանար հուսադրող կամ հիասթափեցնող ինչ-որ բաներ ու դուրս կգար: Իսկ այսպե՞ս: Մարդը մտել է բուհ, շրջել, գուցե մտել լսարաններ, բայց փալասի ամբողջ պարտվողականությամբ ներծծված չի էլ փորձել հետաքրքրվել, թե ով ինչ համակրանքներ ունի:

Ինչ-որ մեկը վերևներում պետք է կողմնորոշվի: Կամ պետություն ենք, կամ՝ «օրհնյալ ոտքի» փալաս: Ու դա պետք է պաշտոնապես ասվի: Այսպես է լինում, երբ ականջներից բռնած են քեզ քարշ տալիս ԵԱՏՄ: Այսպես է լինում, երբ նույնիսկ անզոր լինելու մեջ արժանապատվություն չկա: Ռուսները մեղավոր չեն: Նրանք կարող են պահանջել, որ դու իրենց ոտքի տակ դնես քո արժանապատվությունը, նրանք կարող են պերմյակովներ ուղարկել հայկական ընտանիքներում փոքրիկ մաքրագործումներ իրականացնելու համար: Բայց, իրենք, միևնույն է, մեղավոր չեն: Երբեմն, իհարկե, այնպիսի տպավորություն է, որ ոչ թե իշխանությունը ստրկամտաբար է հանձնվել ռուսներին, այլ պարզապես իշխանություն չկա, և ռուսներն իրենք են ազատորեն մտնում, ոտքերը մաքրում այս երկրի վրա ու դուրս գալիս:

Սա այն դեպքն է, երբ իրենց այլևս չի բավարարում, որ ինչ-որ մեկի ականջներից բռնեցին ու խցկեցին Մաքսային միություն: Սա այն դեպքն է, երբ կարիք կա, որ իրենք մատով ցույց տան փալասին: