Վրաստանում բողոքում են Սահմանադրության «ուզուրպացիայի» դեմ

Սեպտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը` 117 կողմ և 3 դեմ ձայներով։

Սահմանադրական փոփոխություններին չեն աջակցել ընդդիմադիր կուսակցությունները։ Վրաստանի օրենսդիր մարմնում երեք ընդդիմադիր քաղաքական ուժերից երկուսը՝ «Միացյալ ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը» իշխող «Վրացական երազանք»-ին մեղադրել են Սահմանադրությունը «սեփական շահերին ծառայեցնելու» մեջ և ի նշան բողոքի՝ լքել դահլիճը։

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» դեմ է քվեարկել։ Վերջինիս անդամ Ադա Մարշանիան դատապարտել է իշխող քաղաքական ուժին՝ Սահմանադրությունն «ուզուրպացնելու» համար․ «Այս փաստաթուղթը հանրային համաձայնության փաստաթուղթ չէ․․․ Սա սահմանադրական ուզուրպացիա է, սա միակուսակցական բռնապետություն է․․․ Սա Վրաստանի Սահմանադրություն չէ, սա «Վրացական երազանքի» սահմանադրություն է»։

«Մենք այսօր ընդունել ենք պատմական որոշում, որը հիմք կհանդիսանա այնպիսի պետական համակարգի ստեղծման համար, որը կապահովի երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացում»,- քվեարկությունից հետո ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Մեկնաբանելով ընդդիմության՝ դահլիճը լքելու որոշումը՝ Կոբախիձեն ասել է, որ սա սահմանադրական փոփոխությունների գործընթացի սկսվելուց ի վեր երրորդ անգամ է, որ ընդդիմությունը «փախուստի է դիմում»։ Ընդդիմադիրների դիրքորոշումը խորհրդարանի խոսնակը որակել է «թուլության նշան»։

Քվեարկության ընթացքում Վրաստանի խորհրդարանի շենքից դուրս բողոքի ցույց էր անցկացվում։ Ցուցարարները բերել էին դագաղ, որը խորհրդանշում էր «Վրացական երազանք»-ի «մոտալուտ մահը»։

Դեմ է նաև նախագահը

Վրաստանի նոր սահմանադրությունից դժգոհ է նաև նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին․ նոր փաստաթուղթով ամենամեծ հարվածը հասցվում է հենց նախագահի ինստիտուտին։

Նա այլևս չի գլխավորելու Անվտանգության խորհուրդն ու Զինված ուժերը։ Նախագահն ընտրվելու է ոչ թե համընդհանուր քվեարկությամբ, այլ 300 ընտրիչներից բաղկացած խորհրդի կողմից։ Հենց սրանով է պայմանավորված, որ Գիորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է հատուկ խորհրդարանական նիստ հրավիրել սեպտեմբերի 25-ին՝ քննարկելու փոփոխությունները։

«Սահմանադրության նախագիծը շատ թերություններ ունի, այն համաձայնեցված չէ բոլոր կողմերի հետ։ Փոփոխությունների վրա աշխատանքը տարվել է հապճեպ, Վենետիկի հանձնաժողովի որոշ հանձնարարականներ այդպես էլ հաշվի չեն առնվել»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդարանական խոսնակ Աննա Դոլիձեն։

Առանցքային փաստեր Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների մասին

  • 2024-ից Վրաստանը անցում է կատարում լիարժեք համամասնական ընտրակարգի

Վրաստանն ունի միապալատ խորհրդարան՝ բաղկացած 150 անդամից, որոնցից 77-ը ներկայում ընտրվում է կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ մեծամասնական ընտրատարածքներից։

  • 2024-ից սկսած՝ նախագահը կընտրվի հատուկ խորհրդի կողմից

Ներկայում Վրաստանի նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկությամբ։ Սահամանադրական փոփոխություններով՝ նախագահին կընտրի 300 ընտրիչներից կազմված խորհուրդը։ Խորհրդարանը կշարունակի տեղակայվել Քութայիսիում։

  • Պատգամավորների տարիքային շեմը 21-ից կբարձրացվի 25-ի, նախագահի թեկնածուի նվազագույն տարիքը կլինի 45։
  • 2018թ․ նախագահը կընտրվի ուղիղ քվեարկությամբ, սակայն ոչ թե հինգ, այլ վեց տարվա ժամկետով
  • Օտարերկրացիներին հողատարածքների վաճառքը կարգելվի
  • Խորհրդարանում ընդդիմության իրավունքները կընդլայնվեն․ նրանք կթույլատրվի ստեղծել հետաքննական հանձնաժողովներ և այլն
  • Ամենահակասական կետերից մեկը վերաբերում է ամուսնության սահմանմանը, որն է՝ «կնոջ և տղամարդու միություն»։ 

Ներկա սահմանադրությամբ ամուսնությունը «պետք է հիմնված լինի ամուսինների իրավահավասարության և ազատ կամքի վրա»։