Հայաստանը, Ադրբեջանը և քրդերի անկախության հանրաքվեն

Վաշինգտոնաբնակ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած փորձագետ Էմիլ Սանամյանը Eurasianet.org կայքում հոդված է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ Կովկասի պետությունների դիրքորոշման մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Իրաքյան Քրդստանի անկախության հռչակման հանրաքվեից հետո սեփական ինքնավար քրդական փոքրամասնություններ ունեցող Հայաստանը և Ադրբեջանը, հաշվի առնելով տարածաշրջանային և համաշխարհային յուրահատկությունները, որոշ ժամանակ անց միայն հայտնեցին իրենց պաշտոնական դիրքորոշումը։

Ավելի մեծ տարածաշրջանային պետությունները` Իրաքը, Իրանն ու Թուրքիան, կտրականապես դեմ արտահայտվեցին հանրաքվեին՝ սպառնալով տարբեր պատժամիջոցներով: Միացյալ Նահանգները նույնպես կոչ արեց հետաձգել հանրաքվեն. Ռուսաստանը աջակցություն հայտնեց ինչպես տարածքային ամբողջականությանը, այնպես էլ քրդական ինքնորոշման խաղաղ արտահայտմանը: Տարածաշրջանում միայն Իսրայելն աջակցություն հայտնեց ինչպես հանրաքվեին, այնպես էլ քրդական պետության ստեղծմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Eurasianet.org-ին ասել է, որ Հայաստանը «ուշադիր հետևում է զարգացումներին», և որ ավելի կոնկրետ դիրքորոշում է սպասվում: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչ Արամ Գ. Սարգսյանը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Քրդստանի հանրաքվեին:

Հատկանշական է, որ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը արտահայտեց երկրի գլխավոր մահմեդական հոգևորականը: «Ադրբեջանը, որպես ահաբեկչության խնդիր ունեցող երկիր վճռականորեն դեմ է Քրդստանի տարածաշրջանային կառավարության անկախության վերաբերյալ հանրաքվեին»,- հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն Թուրքիայում տեղի ունեցող կոնֆերանսի ժամանակ։

Սակայն, ինչպես Թուրքիայում, որտեղ, չնայած կոշտ պաշտոնական հռետորաբանությանը, իշխող կուսակցության՝ ազգությամբ քուրդ որոշ պատգամավորներ հանրաքվեի կողմնակից էին, Ադրբեջանում ևս քրդական համայնքների որոշ առաջնորդներ բարձր գնահատեցին հանրաքվեն և Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Լաչինի շրջանի պաշտոնյաներից Ֆիզուլի Թանրիվերդիևը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել քրդերի անկախությանը, ինչի արդյունքում իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետաքննություն են սկսել:

«Ադրբեջանում խոսքի ազատություն կա, բոլորը խոսում են այն, ինչ ուզում են: Եվ ես ասել եմ այն, ինչ կարծում եմ ճիշտ է։ Այն, ինչ ասել եմ, անջատողականության դրսևորում չէ, այլ խոսքի ազատություն»,- ասել է Թանիրվերդիևը ադրբեջանական ԶԼՄ-ներում իր ֆեյսբուքյան գրառման համար հարձակման ենթարկվելուց հետո:

Պաշտոնապես Ադրբեջանում ապրում է մոտ 6000 քուրդ: Սակայն հաշվի առնելով, որ 1920-ական թվականներին այդ թիվը կազմում էր ավելի քան 40.000, Նախիջևանի հյուսիսում և երկրի արևմտյան շրջանում՝ Լեռնային Ղարաբաղից արևելք և հյուսիս, ինչպես նաև Բաքվում կենտրոնացած ազգությամբ քրդական բնակչությունը ամենայն հավանականությամբ ավելի մեծ է, չնայած որ մեծ մասը աստիճանաբար ադրբեջանական ինքնություն է ստացել: Ադրբեջանի որոշ բարձրաստիճան  քաղաքական գործիչներ, ներառյալ Հեյդար Ալիևը, համարվում են քրդական ծագում ունեցող, թեև Ալիևները երբեք դա պաշտոնապես չեն ընդունել:

Բարզանիի և նախկին ԽՍՀՄ-ի հետ կապված կարևոր մի անձնական պատմություն կա: 1946 թ. խորհրդային աջակցություն վայելող Քրդստանի Հանրապետության փլուզումից հետո ներկայիս Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահի հայրը` Մուստաֆա Բարզանին, ընտանիքի հետ միասին փախավ Խորհրդային Ադրբեջան: Երկու տարի անց, խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հետ տարաձայնությունների արդյունքում Բարզանիներն ուղարկվեցին Ուզբեկստան: Ի վերջո, Բարզանիները վերադարձրեցին խորհրդային բարեհաճությունը և 1953թ. տեղափոխվեցին Մոսկվա, այնուհետև 1958 թ. վերադարձան Քրդստան:

Հայաստանի հարաբերությունները Քրդստանի հետ ավելի բարդ են: Համաձայն 2011 թ. մարդահամարի, Հայաստանում կա ավելի քան 35 հազար քուրդ [նաև եզդի – խմբ․], ինչը նրանց դարձնում է երկրորդ խոշորագույն էթնիկ խումբը: Հայաստանի քրդերի ճնշող մեծամասնությունը եզդիներ են, որոնց նախնիները բնակություն են հաստատել այժմյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության, այդ թվում մահմեդական քրդերի կողմից հալածանքներից փախչելուց հետո:

Քրդական համայնքը ներկայում երկու ներկայացուցիչ ունի Հայաստանի Ազգային ժողովում. Կնյազ Հասանովը քրդերի ներկայացուցիչն է, Ռուստամ Մահմուդյանը՝ եզդիների: Հանրաքվեի կողմնակից Հասանովն ասել է, որ հավատում է՝ Հայաստանը կաջակցի նաև Քրդստանի անկախությանը՝ Էրբիլում հայկական հյուպատոսություն բացելու որոշումը համարելով այդ աջակցության ապացույց:

Կարդացե՛ք նաև

Արցախը ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն

 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի