Բրիտանիան տարեկան 4 մլն ֆունտ կտրամադրի Հայաստանին՝ «ավելի լավ կառավարման համար»

Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը: Հայաստանյան այցի մասին բրիտանացի նախարարը տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես տեղեկացնում է, որ Բրիտանիայի կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ը տարեկան 4 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրում Հայաստանին՝ «դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին»։ Ղարաբաղյան խնդրի մասին Դանքնն ասում է, որ իրենք ցանկանում են այնտեղ տեսնել «տևական, խաղաղ լուծում»։ Ուղերձի հայերեն տեքստը՝ ստորև։

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երևան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերհաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, և ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր:

Ես նաև հայտարարեցի մի բանի մասին, որն է՛լ ավելի կմիավորի մեր կառավարություններին: Խոսքը տարեկան չորս միլիոն ֆունտի մասին է, այս և հաջորդ տարիների համար, որը կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից՝ օգնելով Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին: Բացի այդ, ես քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԹ առևտրի նորանշանակ հանձնակատարը՝ Մարկ Փրիթչարդը, որը մի քանի օրից կայցելի Հայաստան, խթանել առևտրաշրջանառությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև:

Տարածաշրջանային անչափ կարևոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս ես վստահեցրեցի կառավարությանը, որ մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել տևական, խաղաղ լուծում և վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ:

Մինչ Հայաստան գալս ես լսել էի հայերի լեգենդար հյուրընկալության մասին, և ուրախ եմ ասել, որ վերջին մեկ-երկու օրերի ընթացքում վայելում էի այդ հյուրընկալությունը: Շատ կցանկանայի ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այն ընդունելության համար, որ ունեցա այստեղ: Ու քանի որ հասցրել եմ նաև մի քանի բան սովորել, կցանկանայի ասել՝ «Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել: Շնորհակալություն» (հայերեն)»:

***

Բրիտանիայի կառավարության կայքի համաձայն՝ «Լավ կառավարման հիմադրամը» ստեղծվել է 2015թ․՝ աջակցելու Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում տնտեսական բարեփոխումներին ու լավ կառավարմանը։