Ֆրանսիայի նախագահը կարող է նախաձեռնել հայ-թուրքական կարգավորման գործընթաց, կարծում է թուրք նախկին դիվանագետը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է նախաձեռնել Հայաստան-Թուրքիա կարգավորման նոր գործընթաց․ այսպիսի տեսակետ հայտնեց թուրք նախկին բարձրաստիճան դիվանագետ Ունալ Շևիքյոզը (Ünal Çeviköz)՝ Երևանի պետական համալսարանում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ կազմակերպված միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը։

Ունալ Շևիքյոզը (Ünal Çeviköz) Թուրքիայի դիվանագիտական համակարգում աշխատել է 1978-2014 թթ․, եղել է դեսպան Բաղդադում, Բաքվում, Լոնդոնում, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում։ 2009թ․ նա մասնակցել է հայ-թուրքական արձանագրությունների տեքստի մշակմանը։ Ներկայում ղեկավարում է Անկարայի քաղաքականության կենտրոն (Ankara Policy Centre) վերլուծական հաստատությունը։

Շևիքյոզն ընդգծեց, որ չկարգավորված հարաբերությունները և փակ սահմանը անոմալիա են 21-րդ դարում և ներկայացրեց հինգ սցենար, թե ինչպես կարող են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները։

1-ին սցենարը, ըստ նրա, երբ Թուրքիան նախաձեռնություն է դրսևորում և վավերացնում արձանագրությունները․ «Սա քիչ հավանական է Թուրքիայի ներքին խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով»։

2-րդ սցենարը, ըստ թուրք նախկին դիվանագետի, այն է, երբ Հայաստանն է նախաձեռնություն դրսևորում և վավերացնում արձանագրությունները, ինչը նույնպես անհավանական է ներքին հարցերի, ինչպես նաև Սփյուռքի հնարավոր հակազդեցության պատճառով։

«3-րդ սցենարը ստատուս քվոյի պահպանումն է, ինչը շատ վատ է և, ինչպես ասացի, անոմալիա է ու չի բխում 21-րդ դարի իրողությունների պահանջներից»,- ասաց Շևիքյոզը։

4-րդ սցենարը, երբ երրորդ կողմն է նախաձեռնություն դրսևորում՝ ինչպես Քեմփ Դևիդում Իսրայելն ու Եգիպտոսը եկան համաձայնության՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ․ «Եվ, իհարկե, այդ երրորդ կողմը կարող է լուրջ ռիսկ վերցնել իր վրա, սակայն պետական այրերի համար երբեմն շատ կարևոր է կոնկրետ նախաձեռնություններ դրսևորել և ռիսկեր վերցնել իրենց վրա։ Ես կարծում եմ, որ այդ երրորդ կողմը կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»։

5-րդ՝ ամենահավանական սցենարը, ըստ Ունալ Շևիքյոզի, ստատուս քվոյի պահպանումն է և այդ ընթացքում երկու ժողովուրդների շփումների ակտիվացումը․ «5-րդ սցենարը ստատուս քվոյի պահպանումն է որոշակի համբերությամբ, երբ քաղաքացիական հասարակությունը, երկու երկրների անհատները շփվում են միմյանց հետ, համագործակցում։ Սա երկու ժողովուրդներին հնարավորություն կտա ավելի մերձենալ իրար՝ քաղաքացիական հասարակության, սոցիալական և մշակութային միջոցառումների միջոցով։ Եվ դա ժամանակի ընթացքում հավանաբար ճնշում կլինի երկու երկրների քաղաքական այրերի վրա՝ վերանայելու հարաբերությունների կարգավորման մոտեցումները»։

Մեկնաբանել