Կատալոնիայում կիրակի կայացած անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ է արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։ BBC-ի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցությունը ցածր է եղել․ հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 42 տոկոսը։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բարսելոնայում հայտարարել է, որ Կատալոնիան անկախ պետություն ունենալու իրավունքն է վաստակել։ Նա ընդգծել է, որ հանրաքվեն կայացած փաստ է՝ ի հեճուկս Մադրիդի կենտրոնական իշխանությունների։
Իսպանիայի սահմանադրական դատարանը Կատալոնիայի հանրաքվեն հայտարարել է անօրինական։ Հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության հետ բախումներից հարյուրավոր քաղաքացիներ են տուժել։
Բարսելոնայի կենտրոնում անկախության հազարավոր կողմնակիցներ են հավաքվել։
«Հույսի և տառապանքի այս օրը Կատալոնիայի քաղաքացիները նվաճեցին անկախ պետություն՝ հանրապետության ձևով, հռչակելու իրավունքը»,- հեռուստաուղերձում հայտարարել է Կառլես Պուչդեմոնը։
Նա նշել է, որ առաջիկա օրերին իր կառավարությունը հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան հաստատման։
Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր, որ թույլ չի տալու հանրաքվեի անցկացումը, որը Սահմանադրական դատարանը անօրինական էր համարել։
Բազմաթիվ ընտրատեղամասերում ոստիկանությունը մարդկանց զրկել է քվեարկելու հնարավորությունից։ Ոստիկանությունը նաև առգրավել է քվեներով լիքը քվեատուփեր։
Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Իսպանիայի ոստիկանությունը կարողացել է փակել 2300 ընտրատեղամասերից 319-ը։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ փակվել է ընդամենը 92 ընտրատեղամաս։