Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա․ Հայաստան այցից առաջ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
«ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնեցված գործընկերային առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակում մենք պատրաստվում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտում, քանի որ հմտությունների զարգացումն առանցքային կլինի Հայաստանի ապագայի համար: Իմ այցը նաև նախապատրաստություն է հաջորդ Արևելյան Գործընկերության գագաթաժողովի համար»,- ասել է Հանը։
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։