Կատալոնիա, Քրդստան, Ղարաբաղ․ BBC-ի անդրադարձը

BBC-ն «Քրդստանից մինչև Կատալոնիա. գնալ չի կարելի մնալ» խորագրով հոդված է հրապարակել՝ զուգահեռներ անցկացնելով Կատալոնիայի անկախության հանրաքվեի և ինքնորոշման իրավունքի համար պայքարող այլ տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հետ։

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացավ անկախության հանրաքվե, որին մասնակցածների 90 տոկոսը կողմ արտահայտվեց երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։ Հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության հետ բախումներից հարյուրավոր քաղաքացիներ տուժեցին։ BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կատալոնիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ։

Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն անօրինական են համարում, դաշնային դատարաններն արգելել են հանրաքվեի անցկացումը: Իսպանական ոստիկանությունը ձերբակալել էր կատալոնացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և տարածաշրջանային ստորաբաժանումներում որոնումներ անցկացրել:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կտրուկ հայտարարել էր. «Ես ուզում եմ հանգիստ և կտրականապես ասել՝ հանրաքվե չի լինի, դա տեղի չի ունենա»:

Սակայն այս տարվա հուլիսի հարցման արդյունքներով՝ հանրաքվեի անցկացման կողմ քվեարկել էր քաղաքացիների միայն 41 տոկոսը, իսկ 49 տոկոսը դեմ էին արտահայտվել:

Միևնույն ժամանակ, երկուշաբթի Իրաքյան Քրդստանի հանրաքվեում բնակիչների ավելի քան 92 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները անմիջապես անկախության հռչակմանը չեն հանգեցնի, այլ կբացեն բանակցությունների դուռը:

Անկախ և ոչ այնքան

Հանրաքվեի հայեցակարգը կարծես վերջերս երկրորդ շունչ է ստացել։ Նախ, Շոտլանդիան, այժմ` Քրդստանը և Կատալոնիան, որին հավանական է՝ կհաջորդեն բասկերն ու ֆլամանդացիները: Ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունն այս առումով փորձ ունի։ 1991թ․ էր անցկացվել Կոսովոյի անկախության հանրաքվեն:

Այնուամենայնիվ, հանրաքվեի և անկախության փաստացի հռչակման միջև անցել է 17 տարի, սակայն 2008-ից ի վեր ավելի քան 110 պետություններ ճանաչել են Կոսովոն, որոնց կեսը՝ անկախության հռչակմանը հաջորդած առաջին տարում:

Էրիտրեայի անկախության հանրաքվեն անցկացվեց 1993թ․, թեև դրան նախորդել էր անկախության համար ավելի քան 30 տարի տևած զինված պայքարը: Հանրաքվեից մեկ ամիս անց երկիրը պաշտոնապես ճանաչվեց ՄԱԿ-ի կողմից: 2011թ․ հանրաքվեի արդյունքում քարտեզի վրա հայտնվեց Հարավային Սուդանը:

Այնուամենայնիվ, մի շարք ինքնահռչակ պետական սուբյեկտներ առ այսօր չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից կամ ճանաչվել են շատ պայմանական կերպով:

Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը և Սոմալիլենդը: Նույն ցուցակում է 2014թ․ Ղրիմի հանրաքվեն, ինչի արդյունքում թերակղզին փաստացիորեն հայտնվեց Ռուսաստանի կազմում, սակայն աշխարհը դա չնկատեց։

Բոլո՞րն են կարող առանձնանալ

Ընդհանուր առմամբ, նոր պետական ձևավորման ճանաչումը այն հիմնական հանգամանքն է, որը որոշում է վերջինիս հետագա կենսունակությունը:

Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ Գլեբ Բոգուշի խոսքով, «Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ Կատալոնիայի անկախությունը դժվար թե ճանաչվի Եվրամիության առնվազն մեկ պետության կամ միջազգային հանրության զգալի մասի կողմից»:

Սահմանների վերափոխման հարցը, հատկապես եվրոպական մայրցամաքում, որտեղ ավելի վաղ դա անխուսափելիորեն հանգեցրել է պատերազների, անխուսափելի է: Այս ոլորտում միջազգային իրավունքի երկու սահմանող դրույթները` ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, գոյություն ունեն միմյանցից անկախ: Միջազգային իրավունքի խստորեն սահմանված գերակայություն մեկը մյուսի նկատմամբ գոյություն չունի:

Հետաքրքիր է, որ անկախության հռչակման հաջողված, այսինքն միջազգայնորեն ճանաչված վերջին ալիքը ավարտվեց մեր հազարամյակի սկզբին: Դրանից հետո արևմտյան աշխարհում անկախությունը միակողմանիորեն հայտարարելու փորձերը դադարեցին ողջունվել։

Այսօր շատ քաղաքագետներ աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, ազգայնամոլության աճը դիտարկում են որպես տասնամյակների ընթացքում ձևավորված աշխարհակարգի հետ կապված ավելի լայն հիասթափության դրսևորում, այսպես կոչված՝ «վերադարձ արմատներին», կարոտաբաղձություն անցյալի նկատմամբ, երբ խոտը ավելի կանաչ էր, ջուրն ավելի թաց։

«Միջազգային հանրության՝ նման իրադարձությունների նկատմամբ նախկինում դրական վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ դրանք գաղութացման համակարգի փլուզման մասնավոր դեպքեր էին»,- ասում է Գլեբ Բոգուշը:

Ինքնորոշո՞ւմ, թե՞ ամբողջականություն

Կարևոր է նաև, թե ինչպես է տեղի ունեցել ժողովրդի կամարտահայտությունը: Համաշխարհային հանրության պահանջները Ղրիմի հանրաքվեին, օրինակ, ի թիվս այլ բաների, ներառում էին նրա կազմակերպումը, էլ չասած լավ զինված «բարեկիրթ մարդկանց» ներկայությունը թերակղզում։ Ի դեպ, Արևելյան Թիմորում ևս հանրաքվեին ներկա էին զինված ուժեր, սակայն նրանք ներկա էին ՄԱԿ-ի մանդատով:

Կատալոնիայի և Քրդստանի հանրաքվեները միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ են, ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սերգեյ Գոլուբոկը. «Անկասկած, գոյություն ունեն կատալոնացի և քուրդ ժողովուրդներ, և ինչը շատ կարևոր է, նրանք իրենց դիրքորոշումը խաղաղ են արտահայտել՝ ընտրված, օրինական ներկայացուցիչների միջոցով։ Կասկած չկա, որ թե՛ Կատալոնիայի, թե՛ Քրդստանի հանրաքվեները արտացոլում են ժողովրդի, ազգի կամքը»:

Քրդստանի և Կատալոնիայի դեպքում իրավիճակը ավելի բարդանում է նրանով, որ այն պետությունների սահմանադրությունները, որոնց կազմում դրանք գտնվում են, արգելում են երկրի մասնատմանն ուղղված գործողությունները: Եվ եթե բրիտանական կառավարությունը պատրաստ էր ընդունել 2014թ. Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները և վերջինիս դրական արդյունքի դեպքում պատրաստ էր Շոտլանդիայի խորհրդարանի հետ խորհրդակցություններ սկսել արդյունքների կյանքի կոչման վերաբերյալ, ապա ո՛չ Իրաքում, ո՛չ էլ Իսպանիայում կառավարությունները պատրաստ չեն այս թեման նույնիսկ քննարկել:

Մադրիդը տիտանական ջանքեր գործադրեց, որպեսզի կանխարգելի քվեարկությունը, իսկ Իրաքում այն հնարավոր դարձավ, որոշ դիտորդների կարծիքով, միայն կենտրոնական կառավարության թուլության պատճառով, որը մշտապես պայքարում է «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ, որոնց Իրաքից դուրս մղմանը մեծապես նպաստեցին հենց քրդական ինքնապաշտպանական ջոկատները:

Անկախության միակողմանի հռչակումը երջանկության դժվարին ճանապարհն է:

Չճանաչված պետությունը չի կարող անդամակցել ՄԱԿ-ին կամ ԵՄ-ին, չի կարող օգտվել միջազգային ֆինանսական ինստիտուտների ծառայություններից, քաղաքացիները այլ երկրների քաղաքացիների համեմատ ավելի քիչ իրավունքներով են օժտված:

Նոր ձևավորված պետության և նրա հարևանների միջև հնարավոր են տարածքային վեճեր, և դա կարող է ապագայում հանգեցնել արյունահեղության:

Տնտեսական դժվարությունների թվում են անփոխարկելի դրամական արժույթը, ներդրումներ ներգրավելու դժվարությունները, հարևանների կողմից հաճախակի տնտեսական պատժամիջոցները կամ ուղղակի առևտրային շրջափակումը:

Բայցևայնպես, նման նորաստեղծ պետությունը կարող է գոյություն ունենալ:

Լավ օրինակ է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը բացի Թուրքիայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից, որտեղ այն հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում, ճանաչված չէ։ Դա չի խանգարում նրան գոյություն ունենալ 1975-ից ի վեր (չնայած Թուրքիայի ակտիվ աջակցությամբ):

Կղզին միավորելու պլանի վերաբերյալ հանրաքվեն, որը հայտնի էր որպես «Անանի պլան», 2004 թ. տապալվեց: Իսկ կենսամակարդակը, ոչ բարձր լինելով հանդերձ, չի զիջում միջազգայնորեն ճանաչված Արևելյան Թիմորի կամ Էրիտրեայի կենսամակարդակին:

Մեկ այլ օրինակ է Լեռնային Ղարաբաղը: Այն ճանաչված է միայն Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի կողմից, այսինքն` միջազգային ճանաչման հետ սեփական խնդիրներն ունեցող պետական սուբյեկտների կողմից

Մեկ այլ օրինակ է Լեռնային Ղարաբաղը: Այն ճանաչված է միայն Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի կողմից, այսինքն` միջազգային ճանաչման հետ սեփական խնդիրներն ունեցող պետական սուբյեկտների կողմից:

Նաև Նոր Հարավային Ուելսի ավստրալական նահանգի խորհրդարանն է կոչ արել Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ում մանդատի և միջազգային ճանաչման բացակայությունը չի խանգարում Ղարաբաղին գոյություն ունենալ, չնայած և որոշ դժվարություններով հանդերձ։

Այնպես որ, անկախ Կատալոնիան ևս կարող է հայտնվել քարտեզներում: Հրատարակված Կատալոնիայում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել