ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է լինել բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը․ Նալբանդյան

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ բանակցությունների արդյունքներով։

«Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։

Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում:

Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի և նվազեցման, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցութունը կհամալրվի նաև այլ փոխշահավետ ծրագրերով:

Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում գալիք երեք տարվա հիմնական ուղղությունները»,- ասել է Նալբանդյանը:

Մեկնաբանել