Հրապարակվեց «օֆշորի» գործով վճիռը

«Օֆշորի» գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը այսօր դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Նման վճիռ այսօր կայացրեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Մեղադրող դատախազը միջնորդել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալին։

Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել», «օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ», ինչպես նաև «չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»:

Քրեական գործով տուժող են ճանաչվել երեք անձիք։ Այս քրեական գործում շրջանառվում էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն նրանց մասով գործն առանձնացվել էր, իսկ Սուքիասյանը հերքել էր վերջիններիս մասնակցությունը գործարքներում։

Մեղադրանքի համաձայն՝ տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանն ու մյուս երկու տուժողներն իրենց ունեցվածքը տրամադրել են Աշոտ Սուքիասյանին, որպեսզի վերջինս սկսի ադամանդագործության բիզնես, սակայն նա յուրացրել է այդ գումարները։

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ դատավճռում հայտնվել է խոշոր գումար և առանձնացվել՝ ըստ տուժողների․ «Դատավճռում հանկարծ հայտնվում են այսպիսի թվեր․ 8 միլիարդ դրամ՝ Փայլակ Հայրապետյանին, 2 մլրդ՝ խնամի Գագիկ Ղարիբյանին և 600 հազարից ավելի դրամ՝ Վարդան Հայրապետյանին իբրև Աշոտը մնում է պարտք»,- ասաց նա։

Փաստաբանը գտնում է, որ քրեական գործը «կեղծ է», իսկ դատաքննությունն իրականացվել է «մի շարք թերություններով», ուստի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Մեկնաբանել