«Մենք մեր ընկերներին հասկանում ենք բոլորից լավ»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է «օկուպացիայի» մասին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն այսօր Բաքվում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը օկուպացիայի զոհ է․ այս մասին նա հայտարարել է ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Կլիմկինը շեշտել է Ադրբեջանի ու Ուկրաինայի փոխադարձ աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք մեր ընկերներին հասկանում ենք բոլորից լավ։ Խոսքը գնում է մարդկանց տառապանքների, օկուպացիայի մասին»,- ղարաբաղյան հակամարտության մասով ասել է Կլիմկինը։

Պաշտոնական Կիևը բազմիցս է հանդես եկել Ադրբեջանի օգտին ԼՂ հակամարտության համատեքստում։ Կլիմկինի հայտարարությունը, սակայն, բաց մեղադրանք է Հայաստանի հասցեին։

2016թ․ հուլիսին Բաքու կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «անընդունելի» էր համարել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը։

Այս տարվա փետրվարին Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել էին թույլ չտալ այն ապրանքների մուտքը, որոնք արտադրված են Բաքվի և Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն պարզաբանել էր, որ Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքները կարող են Ուկրաինայի սահմանը հատել միայն Բաքվի հավանությամբ։ Նմանատիպ սխեմա է կիրառում նաև Ադրբեջանը Դոնբասից եկող ապրանքների համար։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել