Հայաստանում կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում կարագի գնի բարձրացմամբ․ այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը։
«2016-ի մայիսից մինչև 2017-ի սեպտեմբեր կարագի միջազգային գները աճել են առավել քան 130 տոկոսով։ Սա բացառիկ գնային բարձրացում է։ Նույն ժամանակ մեզ մոտ կարագի մանրածախ գները բարձրացել են 44 տոկոսով. նախկինում եթե 1 կիլոգրամը 2600 դրամ էր, ապա այս պահին 3800-4000 դրամ է»,- հայտարարել է ՏՄՊՊՀ պաշտոնյան։
Ալավերդյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն կարագի շուկայում «ոչ ադեկվատ գնային բարձրացում չի բացահայտել»։
Միջազգային շուկայում կարագի գնի բարձրացումն, ըստ ՏՄՊՊՀ ներկայացուցչի, պայմանավորված է այն հանգամանքով, որ կարագ արտահանող հիմնական երկրում՝ Նոր Զելանդիայում, արտադրվող կաթի ծավալները կրճատվել են։