Ինչպես սանձել Իրաքի քրդերին․ Թուրքիայի ծրագրերի շուրջ

Մերձավոր Արևելքի խնդիրները լուսաբանող Al Monitor կայքում թուրք լրագրող Ֆեհիմ Թասթեքինն անդրադառնում է Իրաքյան Քրդստանի դեմ Թուրքիայի հնարավոր գործողություններին։

Թուրքիան քննարկում է Իրաքի հետ նոր սահմանային անցակետ դնելու հարցը, որով նախատեսում է խուսափել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունից, սակայն առաջարկվող երթուղու տեղանքը վերահսկվում է քրդերի կողմից:

Սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին հավանություն տալու համար իրաքյան քրդերին պատժելու համար Թուրքիան տարբեր եղանակներ է ուսումնասիրում: Բացի նավթային առևտրի և ավիասահմանափակումից, քննարկվող տարբերակ է Իրաք նոր սահմանային անցակետը, որը ենթադրաբար թույլ կտա Թուրքիային ամբողջովին շրջանցել Հյուսիսային Իրաքը և Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը:

Այնուամենայնիվ, դա որոշակի ստեղծագործական մոտեցում է պահանջում։

Մինչ Թուրքիան քննարկում էր ձեռնարկելիք միջոցները, ինչ-որ մեկը հարություն տվեց հին առաջարկին՝ Օվաքոյում՝ Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանների խաչմերուկում, նոր անցակետ բացելու վերաբերյալ: Այն առաջարկվում է որպես այլընտրանք ծանրաբեռնված, Քրդստանի տարածաշրջանային կառավարության վերահսկողության տակ գտնվող Հաբուրի անցակետին, որից քրդերը սահմանային տուրքեր ու եկամուտներ են ստանում:

Նախագծի համաձայն՝ անցակետը կվերահսկի Բաղդադի կենտրոնական կառավարությունը, և Թուրքիայից Իրաք բոլոր արտահանումները կհասնեն Թալ Աֆար և Մոսուլ` նոր դարպասի միջոցով: Այս սցենարը տարիներ առաջ առաջարկել էին Թուրքիայում ռազմական և ազգայնական շրջանակները, սակայն մերժել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Հետաքրքիր է, որ նախագծի կողմնակիցներին չի անհանգստացնում այն բարդ իրավիճակը, որ Օվաքոյի և հյուսիսային Մոսուլի միջև գտնվող 50 կիլոմետրանոց հատվածը գտնվում է քրդական ուժերի՝ փեշմերգայի հսկողության ներքո, և որ Իրաքի կառավարությունը 1991-ից ի վեր Իրաք-Թուրքիա սահմանին մեկ մետր հողատարածք անգամ չի վերահսկել։ Առաջարկվող երթուղին գտնվում է Օվաքոյի և Նուսայբինի միջև և, ինչպես բոլորը գիտեն, Նուսայբինը գտնվում է Սիրիայի Ղամիշլի քաղաքի դիմաց, որը վերահսկում են Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը (YPG):

Բացի այդ, Թուրքիան կարո՞ղ է իրեն թույլ տալ հրաժարվել Հաբուրի անցակետից, որի միջոցով այժմ թուրքական արտահանումները հասնում են ոչ միայն Քրդստանին, այլև ամբողջ Իրաքին:

«Այս երթուղին ակտիվացնելու համար կարող է պահանջվել երկու-երեք ամիս կամ մի փոքր ավելի երկար: Իրաքյան կողմի ճանապարհները պետք է բարելավվեն, և նրանց անվտանգությունը ապահովվի»,- ասել է Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Բյուլենթ Թուֆենքչըն։

Այնուամենայնիվ, Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Այդին Սելչենը կասկածի տակ է դնում Թուրքիայի կառավարության տրամաբանությունը: «Օվաքոյում անցակետ բացելը օրակարգում էր 2003-ից, երբ քննարկվում էր թուրքական զինված ուժերի տեղակայումը Իրաքում։ Անկարան չկարողացավ ընդունել, որ 1991-ից հետո Իրաք-Թուրքիա սահմանի վերահսկողությունն ամբողջովին գտնվում է Քրդստանի դեմոկրատական կուսակցության վերահսկողության տակ, և Հաբուրը դարձել է քրդերի հիմնական եկամտի աղբյուրը: Նույն իրողություններն առկա են այսօր»,- ասել է Սելչենը Ալ-Մոնիտորին տված հարցազրույցում։

Զախոն և Դահուկը շրջանցող նոր երթուղին անցնելու է Ռաբայի, Զումարի և Սինջարի տարածքներով, որոնք բոլորը գտնվում են Քրդստանի տարածաշրջանային կառավարության վերահսկողության ներքո: Շատ քիչ հավանական է, որ Էրբիլը կտրամադրի այդ տարածքները նոր երթուղու համար, ինչի նպատակը Իրաքյան Քրդստանին եկամուտներից զրկելն է։ Նույնիսկ եթե միջանցքը բացվի, անհրաժեշտ կլինի ռազմական ուժերի զգալի տեղակայում՝ նոր ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար: Դեռևս պարզ չէ՝ Անկարան դա ընդունելի ռիսկ համարո՞ւմ է, թե՞ ոչ:

2016թ․ Թուրքիան Իրաք է արտահանել 7,6 մլրդ դոլարի ապրանք (իր ընդհանուր արտահանման 5.4 տոկոսը), ինչը Իրաքին դարձնում է թուրքական արտադրանքի արտահանման երրորդ խոշորագույն շուկան: Ամեն տարի Հաբուր անցակետով Իրաք են անցնում թուրքական մոտ 700 հազար բեռնատարներ: Սահմանի մոտ գտնվող թուրքական մի շարք նահանգների տնտեսությունները մեծապես կախված են Իրաքի հետ առևտրից: Ըստ հաշվարկների՝ Հաբուրով անցնող ապրանքների 45 տոկոսը վաճառվում է Քրդստանում, իսկ մնացածը՝ Իրաքում:

Արդյո՞ք Թուրքիայի միակ նպատակն է շրջափակում պարտադրելը և Քրդստանին շահութաբեր մաքսային եկամուտներից զրկելը: Կարո՞ղ է արդյոք այս նոր նախագիծը լինել ավելին, քան սովորական սահմանային անցակետը. թերևս սա կարող է լինել անվտանգության այն միջանցքը, որով Անկարան վաղուց ցանկանում էր ազդել Իրաքում տեղի ունեցող զարգացումների վրա:

Իշխանական լրատվամիջոցներում օգտագործվող լեզուն ևս բացահայտում է, որ Թուրքիայի մտադրությունները չեն սահմանափակվում նոր անցակետի բացմամբ։ «Յենի Շաֆաք» թերթը հաղորդում է, որ վերջին 13 տարիների ընթացքում Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանին «80 տոկոսով ընդլայնել է 2005թ․ Իրաքի Սահմանադրությամբ իրեն տրամադրված ինքնավար շրջանը»:

«Այդ ժամանակվանից ի վեր 1,500 բնակավայրեր, այդ թվում Քիրքուկ, Մոսուլ, Թուզ Խորմաթո, Դիալա և Սինջար քաղաքները, գրավվել են քրդական ուժերի կողմից։ Ակնկալվում է, որ Անկարան ու Բաղդադը կմիջամտեն այս տարածաշրջանում, որը պաշտոնապես Իրաքի տարածք է»,- գրում է թերթը:

Նույն թերթը գրել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը Սինջարը դարձրել է «երկրորդ Քանդիլ լեռը»,- որը ապաստան է քուրդ զինյալների համար,- և լիովին վերահսկում է Քիրքուկը: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի համար փեշմերգան այժմ նույնքան վտանգավոր է, որքան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ «Թուրք զինվորները, որոնք շարունակում են հյուսիսային Իրաքում գործողությունների պատրաստվել, այժմ էլ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հանդուրժող Բարզանիի զորքերին են դիտարկում որպես սպառնալիք Թուրքիայի դեմ: Երբ սկսվեն գործողությունները, թուրքական բազաներին մոտեցող փեշմերգան ևս կոչնչացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության նման»,- գրում է թերթը:

Ինչպես հաղորդում է «Թուրքիյե» օրաթերթը, հոկտեմբերի 12-ից հետո նախատեսվում է Իրաքի բանակի հետ համատեղ միջամտություն` Օվաքոյում վիճարկվող տարածքները քրդական վերահսկողությունից ազատելու համար: «Ակնկալվում է, որ իրաքյան բանակն այս գործողությանը կմասնակցի 13 հազար զինվորներով: Առաջին փուլում թուրքական բանակը մուտք չի գործի Իրաք: Առկա է թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականություն Սեմելկա-Ֆիշ Հաբուր գծի վրա՝ թուրքերի կյանքն ու ունեցվածքը ապահովելու համար: Բաշիքա բազան նույնպես գործողության մաս կկազմի»,- ասվում է թերթում:

Հոկտեմբերի 1-ին, հանդես գալով խորհրդարանի նոր գումարմանը, Էրդողանն ասել է. «Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին: Գեներալների հավաքական պատասխանը` «մենք պատրաստ ենք», ազդանշան է, որ Անկարան սպասում է Իրաքում միջամտելու համար ճիշտ պահին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել