Երևանում ընթանում է Shape Eurasia-2017 ֆորումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա գտնվելով «Shape Eurasia-2017» համաժողովին ասել է, որ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան մասնակցել սեփական երկրի զարգացման գործին: Այս մասին հաղորդագրություն է տարածել կառավարության կայքը:

«Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին:

«Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձևավորել եք ձեր եսը և հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձևավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձևավորել վաղվա օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել