Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Մինսկում գնահատել է բելառուսական զենքի «բարձր որակը»

Բելառուսում այցով գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գնահատել է բելառուսական սպառազինությունների և տեխնիկայի բարձր որակը․ այս մասին նա ասել է լրագրողներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում։ Դա բելառուսական բացառիկ որակ է։ Ադրբեջանի Զինված ուժերը օգտագործում են բելառուսական սպառազինություններ և տեխնիկա, և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ դա բարձրորակ զենք է»,- ասել է Հասանովը և տեղեկացրել, որ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը բոլոր քննարկված հարցերին նախագահը «կանաչ լույս» է տվել։

Բելառուսական Belta գործակալությունը փոխանցում է, որ Հասանովի հետ հանդիպմանը Լուկաշենկոն շեշտել է երկու երկրների միջև եղբայրական կապը։

«Չեմ ցանկանում որևէ մեկի առաջ արդարանալ՝ ինչ բնույթի է մեր համագործակցությունը։ Ուզում եմ միայն ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև»,- ասել է Բելառուսի ղեկավարը ու նշել, որ «Բելառուսի պես հանգիստ, հուսալի զգալու համար Ադրբեջանը պետք է ամրապնդի իր պաշտպանությունը»։

***

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Մեկնաբանել