«Կառուցողական հանդիպում»․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի համատեղ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնևում անցել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում, որն արվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում։

Համանախագահները գոհունակություն են հայտնել ուղիղ շփումների համար, ինչը տեղի ունեցավ երկար դադարից հետո։ Համանախագահները մնում են պատրաստ աշխատելու կողմերի հետ հասնելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցված լուծմանը։ Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն աշխատանքային խորհրդակցություններ նախարարների հետ»։

***

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2016թ․ Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Անցյալ շաբաթ Ալիևն ու Սարգսյանը Սոչիում էին, որտեղ մասնակցում էին ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում տեղի չէր ունեցել։

Ժնևյան այսօրվա գագաթաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետների միջնորդությամբ։

Մեկնաբանել