Տարկետման իրավունքը վերացնող նախագծի դեմ բաց նամակ՝ Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին

Պաշտպանության նախարարության կողմից Ուսանողական տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նոր նախաձեռնությանը դեմ հանդես եկող մի խումբ ուսանողներ հիմնել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը։

Օրենսդրական այս նախաձեռնությամբ տարկետում կստանան միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիները, որոնք պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները նամակ են հղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ առաջարկելով նոր քննարկումներ սկսել օրենսդրական «ընդունելի տարբերակ» ունենալու համար։

«Ղարաբաղյան հակամարտության ծանրության ներքո գիտակրթական կյանքը հասկանալիորեն պետք է ստորադասվի պետության պաշտպանության գործին՝ ոչ, սակայն, գիտության զարգացումը և սեփական երկրում երիտասարդ գիտնականների առաջընթացը կասեցնելու ճանապարհով»,- նշված է նախաձեռնության բաց նամակում։

Նրանք նաև մտահոգություն են հայտնում, որ տարկետմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել փորձող երիտասարդները միևնույն է, կփորձեն այլ՝ մասնավորապես, բժշկական հետազոտություններով «ոչ պիտանի» ճանաչվելու ճանապարհով խուսափել ծառայությունից։

Մեկնաբանել