Հայաստան-ԵՄ համաձայնագրով կխստացվի վարորդական վկայականներ շնորհելու կարգը

Վարորդական վկայականի տրամադրման կարգը կփոխվի, եթե Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը։

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո վարորդների բուժզննության կարգը կվերականգնվի։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագծի համաձայն, որի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը հոկտեմբերի 13-ին հրապարակել է արտաքին գործերի նախարարությունը, բոլոր վարորդները պետք է անցնեն պարտադիր բժշկական ստուգում։ Նախկինում ևս Հայաստանում վարորդական իրավունք ստանալու համար թեկնածուները ստուգվում էին, սակայն 2012թ․ համապատասխան օրենքը ուժը կորցրած ճանաչվեց։

Եթե Հայաստանը ստորագրի համաձայանագիրը, ապա պետք է վարորդներին վկայական տրամադրելիս կիրարկի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2006թ․ դեկտեմբերի 20-ի հրահանգի մի քանի դրույթներ։

Մասնավորապես՝ կփոխվի վարորդական վկայական տրամադրելու կարգը, վարորդների ֆիզիական և մտավոր կարողությունները նախկինի նման կստուգվեն։

Օրինակ՝ A-B վարորդական վկայական ստանալ ցանկացողները պետք է անցնեն տեսողական և լսողական ստուգումներ։ Վկայական չի տրամադրվի շարժողական համակարգի հետ կապված բողոքներ կամ խանգարումներ ունեցող անձանց, լուրջ առիթմիայով, ստենոկարդիայով տառապողներին, ինչպես նաև սուր շաքարային դիաբետով կամ հիպոգլիկեմիա հիվանդություն ունեցողներին։

A-B վարորդական վկայական չի տրամադրվելու հոգեկան լուրջ խանգարումներ, մտավոր հետամնացություն, վարքագծի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող անձանց։

Վարելու իրավունքից զրկված կլինեն նաև ալկոհոլից կախվածություն ունեցող անձինք։ Յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի, որ կախվածություն չունի ալկոհոլից՝ ցույց տալով բժշկական հաստատության եզրակացույթունը և անցնելով զննություն։

Թմրանյութից կախվածություն ունեցող կամ պարբերաբար թմրանյութ օգտագործած անձինք նույնպես կզրկվեն վարորդական վկայականից։

Այս բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն Հայաստանի օրենսդրությունում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել