Արցախը հանդես է գալիս հօգուտ «լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնման»

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։

Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։

Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո երկու երկրների ԱԳՆ-ները և ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ հայտարարություն են տարածել՝նշելով, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ավելի ուշ՝ Ժնևում հայ համայնքի հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ինքը խորապես շահագրգռված են, որ առաջնագծում չլինեն զոհեր։

Մեկնաբանել