ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ժնևյան հանդիպման արդյունքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ բանակցային գործընթացը խթանելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածությամբ․ այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ընդգծում է, որ ՄԱԿ-ը աջակցում է համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է անում կողմերին օգտվել այս գագաթաժողովի արդյունքում ստեղծված դրական դինամիկայից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասված է Դյուժարիկի գրավոր հայտարարությունում։

Երեկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ԱԳ նախարարներն ու միջնորդները հայտարարություն են տարածել։ Դրանում, մասնավորապես, նշված է, որ հանդիպումը անցել է «կառուցողական մթնոլորտում»։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում»,- նշված է հայտարարությունում։

Մեկնաբանել