ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ողջունել է ժնևյան հանդիպման արդյունքները

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ողջունել է հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնք անցկացվել են Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

«Մենք ողջունում ենք նոր խթանն ու բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու նախագահների հանձնառությունը,- ասել է նախագահության խոսնակը։ – Նախագահությունը հույս ունի, որ նոր այս հանձնառությունը կարտացոլվի կոնկրետ քայլերում՝ միտված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ջանքերի թիրախը պետք է լինի խաղաղությունը»։

***

Հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ԱԳ նախարարներն ու միջնորդները հայտարարություն են տարածել։ Դրանում, մասնավորապես, նշված է, որ հանդիպումը անցել է «կառուցողական մթնոլորտում»։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում»,- նշված է հայտարարությունում։

Ավելի վաղ ժնևյան հանդիպման արդյունքները ողջունել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մեկնաբանել