Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում․ Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լևոն Հայրապետյանի ընտանիքին:

«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լևոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Պետությունը բարձր է գնահատել Լևոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն և ոգու կորով: Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ 68 տարեկանում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: 2016թ․ ապրիլին նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ $700 հազ. յուրացնելու մեղադրանքով։

Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր, և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։

Մեկնաբանել